Բաժիններ՝

«Քաղաքապետարանն ամեն տարի 38 միլիոն դրամ վառում-թափում է»

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծում թերություններ կան:

«Գումարային հատկացման ոչ մի փոփոխություն չկա գետերի հուների մաքրման աշխատանքների համար: Ամեն տարի 38 միլիոն դրամ փող են տալիս՝ Գետառի մաքրման աշխատանքների համար: Մաքրման աշխատանքները կատարվում են, սակայն տասն օր հետո կրկին նույն խնդրին ենք բախվում: Այսինքն՝ պետք է հասկանալ հիմնախնդիրը:

Ես առաջարկել եմ սկսել այնտեղից, որտեղից սկիզբ է առնում Գետառը: Նույնը՝ նաև Հրազդան, Ողջաբերդ գետերի դեպքում:

Գյուղապետերին կհրավիրեինք, միջոցառում կկազմակերպեինք, դասընթացներ կլինեին, և նրանք էլ իրենց հերթին՝ բնակիչներին կհորդորեին, որ աղբը չթափեին գետերը: Ժամանակատար աշխատանք է, բայց մեկ տարվա  մեջ հնարավոր էր կյանքի կոչել: Իմ կարծիքով՝ ամեն տարի այդ 38 միլիոնը վառում-թափում են»,- նկատեց ավագանու անդամը:

Արմեն Ներսիսյանն ընդգծեց՝ կարևոր է նաև կանաչ տարածքների պահպանումը, քանի որ սխալ խնամքի հետևանքով չորանում են ծառերը:

«Մեկ տարուց ավելի է՝ բարձրաձայնում եմ, որ Երևան քաղաքում գոյություն ունի կանաչ տարածքների պահպանման խնդիր, մասնավորապես՝ սխալ խնամքի հետևանքով չորանում են ծառերը: Բնապահպաններն էլ իրենց հերթին՝ ահազանգում են, որ ծառերի էտումը խնդրի լուծում չէ, քանի որ էտման գործընթացը չի իրականացվում մասնագետների կողմից, ծառերի վրա թողնում են «վերքեր», ինչի հետևանքով նրանց կյանքը կարճանում է: Սակայն ո՞վ պետք է այս ամենի համար պատասխանատվություն կրի՝ մինչ այժմ ինձ համար մնում է անհայտ: Բռնում են «խադավիկին», սղոցը տալիս են ձեռքն ու ասում՝ ծառ էտի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ  «վերքեր» են թողնում 40  տարվա ծառի վրա: Այս ամենը քիչ էր, Երևանի 2020 թվականի բյուջեն ուսումնասիրելով՝ տեղեկացա նաև, որ նոր ստեղծվող կանաչապատման ՀՈԱԿ-ի ծախսերի համար համայնքի բյուջեից տրամադրվելու է 3 միլիարդ 400 մլն դրամ: Շատ ծառեր ոչ պատշաճ խնամքի հետևանքով չորացան, իսկ հիմա ահռելի գումար տրամադրում ենք մի ՀՈԱԿ-ի համար, որն անգամ չի էլ ստեղծվել»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս