«Դատավորների մասին դոսյեներն ԱԱԾ-ում են, և դրանց տերը Նիկոլ Փաշինյանն է». Զարուհի Փոստանջյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փաստանջյանը։
– Տիկին Փոստանջյան, Դուք երկար տարիներ պայքարում էիք, Ձեր իսկ գնահատմամբ՝ նախկին հանցագործ ռեժիմից ազատվելու համար, այսօր նրանք այլևս չկան, բայց Դուք կրկին պայքարում եք, այս անգամ՝ հեղափոխություն իրականացրած իշխանության դեմ: Իշխանությունների ո՞ր քայլը կամ քայլերը Ձեզ չեն գոհացնում:
– Մի փոքր շտկում մտցնեմ. մեր պայքարը ոչ թե անձանց դեմ է, այլ համակարգի, որը ծնում է հանցագործություններ։ Պայքարը բռնապետական համակարգի դեմ է, որն այս պահին շարունակում է գործել։ Մի պահ եկեք վերանանք անձերից. եթե համակարգը շարունակում է մնալ նույնը, ապա անկախ նրանից՝ այսօրվա անձինք կա՞ն, թե՞ ոչ, միևնույն է, այդ համակարգը ծնելու է նոր անձանց։ Հիմա Գլխավոր դատախազը նախկին ռեժիմի կողմից նշանակված անձ էր, այդ անձը հիմա էլ գործում է և այս ռեժիմին է մատուցում ծառայություններ, հետևաբար՝ մեր պայքարն ուղղված է քաղաքական կառուցվածքի դեմ։
– Դուք կոշտ քայլերի, կոշտ քաղաքականության կողմնակից եք. հիշում ենք՝ նախագահների, վարչապետների խրտվիլակներ էիք հրապարակայնորեն այրում, Նիկոլ Փաշինյանը ևս կոշտ քաղաքականության կողմնակից է. ճիշտ է՝ նա խրտվիլակներ չի այրում, բայց սպառնում է ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփել բոլոր նրանց, ովքեր իր ժպիտը կշփոթեն թուլության հետ: Կարծես՝ գոնե Դուք դժգոհությունների առիթ չպետք է ունենայիք:
– Նա վարչապետ է և արդեն չարաշահում է իր պաշտոնական դիրքը և բռնության կոչեր է հնչեցնում։ Ես երբևէ բռնության կոչեր չեմ հնչեցրել, ես դրան դեմ եմ, դեմ եմ նաև ապօրինություններին։ Խրտվիլակ այրելը եղել է խորհրդանշական քայլ, բայց այս դեպքում, երբ վարչապետը ոչ միայն բղավում է, այլ նաև ցուցումներ է տալիս, իր խոսքերով ասած, «պառկցնելու», ապա այստեղ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, որը քրեորեն հետապնդելի արարք է։ Նախորդների տարբերությունն էլ այն էր, որ նրանք էլ նման բաներ անում էին ոչ թե ցուցադրական գռեհիկ հրապարակումներով, այլ ստվերային գործելակերպով։
Եկավ մի պահ, որ հանրությանը ներկայացրեցին, թե՝ քո խնդիրն անձն է, անձին մերժելով՝ այլևս որևէ խնդիր չես ունենալու, և այդ մերժողն էլ, իբրև թե, Նիկոլ Փաշինյանն էր, մինչդեռ ո՛չ մերժողն էր Փաշինյանը, ո՛չ էլ խնդիրն էր անձի մերժման մեջ։
– Ասացիք՝ «իբրև թե մերժողը Նիկոլ Փաշինյանն էր». ի՞նչ եք ակնարկում։
– Դե, մենք տեսնում ենք, որ այս «իբրև մերժումը» տեղ չհասավ, անհասկանալի շարունակություն ստացավ։ Այդ մերժվածն ու Նիկոլը համատեղ բնակություն էին հաստատել Կոնդի ամառանոցում։ Նիկոլ Փաշինյանը 10 կետից մեղադրանք էր ներկայացնում Սերժ Սարգսյանին Ազգային ժողովում՝ նրան մեղադրելով՝ ընդհուպ պետական դավաճանության մեջ, անհասկանալիորեն որևէ մեկը որպես հաղորդում հանցագործության մասին չընդունեց։ Հիմա հասկանո՞ւմ ենք, որ այս ամենն «իբրև» է եղել։
– Այդ դեպքում ո՞րն էր այդ «իբրևի» վերջնական նպատակը։
– Ժամանակը ցույց կտա. մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, ունենք տարածաշրջանային խնդիր և անմասն չենք նոր ձևավորվող քաղաքական քարտեզից։ Կար հարց, որ այլևս այն մեխանիզմը, որը գործում էր, անհնար էր այդ կերպ շարունակել կառավարել պետությունը, և պետք էր փոփոխություն։
– Այսօր դատարանում շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը, դեռևս բուն դատաքննությունը չի սկսվել. առ այսօր պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու կամ դատավորին, մեղադրող կողմին ինքնաբացարկ հայտարարելու միջոնորդություններ է ներկայացնում։ Կա՞ արդյոք արհեստական ձգձգման միտում, ինչպես հակառակ կողմն է պնդում։
– Բնական է, որ պաշտպանական կողմը պետք է կատարի նման միջնորդություններ, ակնհայտ է, որ նախնական կալանքն ապօրինի է, իսկ բուն գործի վերաբերյալ՝ թերահավատ եմ, որ գործ կա առհասարակ, այն մեղադրանքը, որն առաջադրել են, չեմ կարծում, որ ունենալու է հեռանկար։ Եթե ասվում է, որ 20 ամիս Արցախից բերված զորքը եղել է Երևանում, ապա այդ 20 ամիսների առնվազն 18 ամիսների պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր, այդ դեպքում՝ ո՞ւր էր Սերժ Սարգսյանը՝ որպես մեղադրյալ։ Եթե այդ ժամանակ սահմանադրական կարգը տապալվեց, ապա հարց, իսկ ո՞վ վերականգնեց։ Բացահայտման մասին հնարավոր չէ խոսել, եթե ամբողջական գնահատական չի տրվում։
– Նիկոլ Փաշինյանն իր ելութներում նշել է, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։
– Այո՛, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է. ես նրան լավ եմ ճանաչում, մարդկային որակներին ծանոթ եմ և մի պահ մտածում էի, որ որպես վարչապետ՝ այս կարգի սուտ չի ասի։ Պարզվում է, որ դատարանում քննվում է մի գործ, որը ողջ ծավալի հետ կապ չունի, կոնտեքստից կտրված մի դրվագ է։ Ինչպես նախորդ իշխանությունը, այնպես էլ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ը չի բացահայտելու։ Եթե մենք ուզում ենք այդ գործը բացահայտվի, ապա դա պետք է անեն անկախ փորձագետները, և, ի վերջո, եկեք չմոռանանք, որ ներկայիս իշխանությունը «Մարտի 1»-ի գործով կողմ է։
– Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը՝ խոսելով դատական համակարգի մասին, ասել է, թե դատավորները պետք է պատերազմ սկսեն և պայքարեն իրենց իրավունքների համար: Ի դեպ, նա նաև հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը «մատաղ» է այսօրվա հեղափոխությանը: Կիսո՞ւմ եք նրա այս գնահատականն ու դատավորներին ուղղված կոչ-առաջարկը:
– Նախ՝ չեմ կարծում, որ հեղափոխություն է տեղի ունեցել. տեղի է ունեցել տեղափոխություն։ Չեմ կարծում նաև, որ մեր դատավորները կարող են պայքարել և այնքան ուժ ունեն, որ նման պայքար մղեն։ Մեր դատավորների հիմնական մասն այնքան մարդու իրավունք է խախտել, դրանց վերաբերյալ դոսյեները գտնվում են ԱԱԾ-ում, իսկ այս պահին դրանց տերը Փաշինյանն է, և նա կարող է դատավորներին ճնշել։
Իսկ եթե Փաշինյանը վերհանի արդեն Սահմանադրական դատարանի դատավորների անցյալը, այդ ժամանակ պետք է իր հոգևոր հորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նույնպես մեղադրի. 1996 թվականի ընտրություններին պետք է տրվի գնահատական։
– Ազգային ժողովն արտահերթ նիստով կքննարկի ՍԴ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարելու համար։ Արդյո՞ք սա յուրօրինակ լյուստրացիա է։
– Սա կոռուպցիոն գործարք է, որովհետև այստեղ չունեն դոսյեներ, իսկ սա կոռուպցիայի առաջարկ է, բացի այդ, սա նաև հակասահմանադրական է, որովհետև դատավորը պարտավոր է աշխատել մինչև իր թոշակի անցնելը, հիմա պետությունը հատուկ օրենք է ուզում ընդունի, որ դատավորները չաշխատեն գնալ թոշակի, որը չեն վաստակել իրենց աշխատանքով, իսկ մենք պարտավոր ենք վճարե՞լ նրանց այդ թոշակը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ