«Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ անհապաղ վերականգնել ինտերնետի եւ կապի մյուս միջոցների հասանելիությունը». Ռուպերտ Կոլվիլ
Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
«Մենք մտահոված ենք ուժի գործադրման միջազգային նորմերի ու ստանդարտների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ներառյալ մարտական զենքի օգտագործումն Իրանում ցույցերը ցրելիս: Մենք հատկապես անհանգստացած ենք այն բանից, որ մարտական զենքի օգտագործումը ենթադրաբար հանգեցրել է ամբողջ երկրում զգալի թվով մարդկանց զոհվելուն»,-ասել է նա:
Ինչպես նշում է Վարչությունը, ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում երկրի ութ տարածաշրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն հազար մարդ: Սակայն դրա պաշտոնական հաստատում չկա, քանի որ երկրում չկա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ, իսկ Համացանցի բացակայությունը բարդացնում է մոնիթորինգը, հայտարարել են ՄԱԿ-ում:
Մինչդեռ իրանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել բողոքի ակցիաների մեկ մասնակցի եւ երեք իրավապահների զոհվելու մասին:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ անհապաղ վերականգնել ինտերնետի եւ կապի մյուս միջոցների հասանելիությունը, որոնք հարկավոր են կարծիքների արտահայտման ազատության համար»,-ընդգծել է Կոլվիլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: