Բաժիններ՝

Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում

Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նա հայտարարել է Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ կայացած հանդիպմանը։

«Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ:

«Լիբանանի ֆինանսական ու տնտեսական իրադրությունը հսկողության տակ է,-ասել է Աունը:-Ձեռնարկվում են կայունացմանն ուղղված քայլեր, ինչի մասին վկայում է բանկային հիմնարկությունների աշխատանքի վերսկսումը»:

Ինչպես հայտնել է Al Hadath հեռուստաալիքը, բողոքի շարժման ղեկավարներից մեկը՝ Ահմեդ ազ-Զեյնը, դրական է գնահատել երեք երրորդներից բաղկացած կառավարության ստեղծման գաղափարը: «18 նախարարներից բաղկացած կաբինետում վեց տեխնոկրատների եւ ժողովրդի վեց ներկայացուցիչների ընդգրկումը մեծ ձեռքբերում կդառնա,-հայտարարել է ազ-Զեյնը:-Մենք դա գնահատում ենք որպես հաջողություն, որպես մեր բողոքների կոնկրետ արդյունք»:
Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս