Աշնանային սրացումներ կամ ռեյտինգի անկում

Հայրենի քաղաքական դաշտում «թեժ աշնան» մասին խոսակցությունները, որոնք արվում էին ողջ ամռան ընթացքում, կարծես թե իրականացան, սակայն որոշակի վերապահումներով։ Այն հանգամանքը, որ ողջ աշնան ընթացքում քաղաքական սուր օրակարգերի պակաս չունեցանք, ակնառու է, փաստ է նաև այն, որ օրըստօրե իշխանությունները, որքան էլ պարբերաբար ներկայացնեն անհասկանալի և կասկածելի ծագում ունեցող սոցհարցումներ և վարկանիշային աղյուսակներ, կորցնում են իրենց պոպուլյարությունը և վարկանշային անկում արձանագրում։ Հատկանշական է այն, որ այդ անկման ֆոնին ողջ քաղաքական թիմի ձախողման պատասխանատվությունը հերթական անգամ իր ձեռքն է վերցնում Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով այդ «սրացումները» մեղմել իր «անմիջական զրույցների» և «սիրտ մխիթարող լայվերի» միջոցով։

Փաշինյանը Հայաստանում իշխանության է 1 տարի և 7 ամիս, և այս ընթացքում նմանօրինակ դեպքերի ականատես ենք եղել բազմաթիվ անգամներ․ «լայվը փրկության բանաձևն է, և վերջ»։ Խոսելով աշնանային քաղաքական գործընթացներից, որոնք անմիջականորեն կապված են և իրենց ազդեցությունն են թողնելու հայաստանյան քաղաքական օրակարգի վրա, հատկանշական էր նաև «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ նախորդ շաբաթ։ Բնականաբար, իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր, և բացահայտորեն տոտալ գրոհ սկսվեց այդ ակումբի գործունեության, ինչպես նաև նիստի մասնակիցների նկատմամբ։ Հավելենք, որ «Վերնատան» առաջին աշխատանքային քննարկմանը ներկա էին ՀՀ գրեթե բոլոր ժամանակների հայտնի քաղաքական գործիչներր, ովքեր ՀՀ քաղաքական պատմության ամենատարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ, գիտակցում են, թե ինչ է պետությունն ու պետականությունը, ազգային արժեհամակարգերը, և ընդհանրապես մտահոգ են ՀՀ ներկայիս հեղհեղուկ քաղաքական դրությունից։

Այս համաժողովից հետո փաշինյանական «ագիտպրոպի» հիմնական թիրախները դարձան նախ՝ դաշնակցականները, ապա ՀՀԿ-ն՝ իր ներկա և նախկին անդամներով, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու մնացած բոլոր պաշտոնյաները, այլ կերպ ասած՝ սևերը։ Թիրախի պնդումները պրմիտիվ էին ու նաիվ․ «այդ միության կազմում ընդգրկվածների մի մասը քոչարյանական ակտիվ ռևանշիստներն են, որոնք փորձում են ինքնապաշտպանվել, մյուս մասը ՀՀԿ-ն ներկայացնող բլոկն է՝ ռևանշիզմի հավակնություններով, երրորդը խմբում անձնական ամբիցիաներով տառապող մարդիկ են, իսկ չորրորդ խմբում, ռուսական եզրաբանությամբ՝ աբիժնիկներ, որոնք ինչ-որ բան էին սպասում հեղափոխությունից»։

Այս մի քանի խմբերի դասակարգմամբ էլ շարունակվում էր տեղեկատվական թրոլինգի ողջ գործընթացը։ Քննադատության այս ընդհանուր համատեքստում նշենք մի կարևոր դրվագ ևս․ իշխանությունները, հասկանալով, որ «Վերնատունը» նպատակադրված է, ՀՀ քաղաքական դաշտում ընդդիմադիր բևեռում դիրքավորվելուց բացի, լայն կոնսենսուս ձևավորել, չի բացառվում՝ նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ, արդեն քանի օր է, ինչ իրենց սպասարկող լրատվականներով առաջ են տանում այն թեզը, որ ««Վերնատունը», կամա թե ակամա, մարտահրավեր է դառնում հետհեղափոխական շրջանում իր քաղաքական տեղն ու իմաստը փնտրող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»։

Միանշանակ պարզ է, որ սա Փաշինյանի կողմից մշակված հստակ մարտավարական հնարք է, որպեսզի բացառի ընդդիմադիր հատվածում որևէ լուրջ համախմբման փորձ, քանի որ՝ ո՞ւմ, եթե ոչ՝ Փաշինյանին, պարզ չէ, թե ինչ «ձնագնդիի էֆեկտ» կարող է ունենալ յուրաքանչյուր լայն կոնսենսուս։ Ի դեպ, հավելենք, որ քաղաքական դաշտի համախմբման մասին քանիցս հայտարարություններով հանդես է եկել նաև Արմեն Աշոտյանը, ով նշել է, թե «քաղաքական դաշտում ընդդմությունը պետք է մի կողմ դնի իր բոլոր տարաձայնությունները և հանդես գա մեկ ընդհանուր դիրքերից»։

Օրերս քաղաքական զարգացումների վերաբերյալ իր հերթական գնահատականները ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը ներկայացրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և մի քանի հստակ կետերով նշեց, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է շարժվել փաշինյանական ռեժիմի դեմ հակաքայլեր իրականացնելիս։

Ահա այս ողջ «քաղաքական կաթսայի» ֆոնին նախորդ շաբաթ գործընթացների վերաբերյալ իր պատկերացումները Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակի» «անանուն խմբագրականում» ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ «անանուն», քանի որ տեքստի բովանդակության հետ ծանոթանալիս, առաջին իսկ նախադասությունից պարզ է, թե ում մտքի թռիչքին են պատկանում նման ձևակերպումները։

Քանիցս ասվել է, որ Փաշինյանն իր ձախողումների մեղավոր համարում է բոլորին, բացի իրենից, իսկ ավելի հաճախ այդ ամենի մեղավորը Սերժն է կամ ՀՀԿ-ն, քանի որ «20 տարի այնքան են թալանել, որ հնարավոր չէ այդ ամենը շտկել»։ Դրա ականատեսը բոլորովին վերջերս եղանք պետբյուջեի քննարկման ժամանակ. ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերը հիշենք, երբ անընդհատ շեշտում էր «կոռուպցիա, լափաման» և այլ բառակապակցություններ, որոնց հասցեատերերը, ըստ նրա՝ նախկիններն էին։ Ահա հիշյալ խմբագրականի «հերոսը» դարձյալ նախկիններն են։ Հեղինակը խմբագրականում գրել է՝ «Հայաստանում ընդդիմադիր քաղաքական լուրջ բևեռ վաղ թե ուշ, իհարկե, կձևավորվի, միայն թե՝ ի՞նչ կապ ունեն դրա հետ նախկինները: Առավել ևս՝ նախկին դեմքերով»: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ Փաշինյանին միայն քաղաքական դաշտում պետք է «գրպանային ընդդիմություն» (կուսակցությունների անունները չենք գրում՝ պոլիտկոռեկտությունից ելնելով), որը ցանկացած պահի կխոսի ու կքննադատի, բայց միայն իշխանության համար ցանկալի պահին, մնացած դեպքերում կարող է «ազատ գրաֆիկով» ամբիոններում սեթևեթել։

Իշխանական լրատվամիջոցի՝ «Հայկական Ժամանակի» հնչեցրած այն թեզը, որ «Հայաստանի իշխանական համակարգում սերնդափոխություն է տեղի ունեցել, իսկ ընդդիմադիր դաշտում սերնդափոխություն չկա՝ նույն դեմքերն են», իրականության հետ որևէ աղերս չունի։ Բացատրենք՝ ինչու. Փաշինյանի թիմի զգալի հատվածը քաղաքականապես դիլետանտ ու աշխատանքային կենսագրություն, պրոֆեսիոնալիզմ չունեցող անհատականություններ են, որոնք, գրեթե երկու տարի է՝ չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատու ուժի ներկայացուցիչներ են և ստացել են 70 տոկոս ձայն։ Այդ ձայները նրանք ստացել են ոչ թե նախկիններին փնովելու, պախարակելու, էժանագին խաղեր վարելու համար, այլ երկիրը զարգացնելու, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Նրանք դրա համար ունեն լիարժեք իշխանություն, լծակներ, հնարավորություններ։

Աշխատանքով զբաղվելու փոխարեն՝ նրանք զբաղված են դատարկախոսությամբ և անգործությամբ։ Պատկերացնում ենք, եթե նախկինից ժառանգություն ստացած տնտեսական, սոցիալական ծրագրերն էլ չլինեին, որոնք իրենց են վերագրում, ինչ պետք է անեին։ Ի վերջո, ժողովուրդը հասկացել է և օր օրի համոզվում է՝ հեղափոխական իշխանություններին մի բան է հետաքրքրում՝ իշխանության բարձր աշխատավարձերն ու գործուղումները, միլիոնավոր պարգևատրումները, ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիները, ցոփ կյանքը, թանկարժեք հագուկապը։ Նրանք ամեն գնով պատրաստ են պահել իշխանությունը։ Իսկ երբ մտածող մարդիկ նրանց հարցեր են ուղղում, որպես պատասխան՝ ստանում են հետևյալ նախադասությունը՝ ամեն ինչում մեղավոր են հակահեղափոխականներն ու սևերը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս