«Խայտառակություն է։ Նոր զուգարանների համար՝ 5 միլիոն դրամ, բուկլետների համար՝ 18 միլիոն». Ավագանու անդամը՝ Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծի մասին
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:
«Առողջապահության մասը լրիվ խայտառակություն է, աբսուրդ: Զիմբաբվեն ու Մոզամբիկը հաստատ առողջապահական ավելի լավ ծրագիր ունեն, քան այն, որ այսօր ներկայացվել է Երևան քաղաքում: Սա ընդամենը մի մեծ գյուղի սպասարկման համար գրված ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ներկայացված նախագծի մասին՝ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
«Առողջապահական կազմակերպությունների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը 179 միլիոն 600.000 դրամ է՝ 2019թ.146 միլիոն 310.000-ի փոխարեն: Չկա, թե , օրինակ՝ ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարքերը, բիոքիմիական անալիզատորներն ինչի հիման վրա են գնում: Եթե բյուջե ես ներկայացնում, պետք է ասես՝ համաձայն մոնիտորինգի արդյունքների՝ հետևյալ սարքերի գնման խնդիրն ունենք: Ի՞նչ սարքեր ես գնելու. նույն միջին կարգի ուլտրաձայնային սարքերի գինը մոտ 25.000-30.000 դոլար է: Չկա հստակ գրված, թե ո՞ր սարքից՝ ինչքա՞ն են նախատեսում գնել: Կամ, ինչպե՞ս են որոշել թվարկված տեխնիկան գնել, կարող է՝ ուրիշ նյութերի կարիքը կար:
Կամ, դու նոր սարք ես գնում, բայց բժիշկները լիարժեք վերապատրաստված չեն, և, եթե սրա արդյունքում բնակիչը լիարժեք չի վստահում բժշկին, խոսքն ինչի՞ մասին է:
Մյուս կետն առողջապահական օբյեկտների հիմնանորոգումն է, որի համար 250 միլիոն դրամ են տալիս՝ շտապ օգնության առաջին, երկրորդ, չորրորդ ենթակայաններն ու երկու պոլիկլինիկաների տանիք վերանորոգելու նպատակով:
Բյուջեում չի խոսվում գոնե մեկ պոլիկլինիկայի հիմնանորոգման մասին: Ինչպես նաև՝ ընդամենը 13 միլիոն 250.000 դրամ են հատկացնում համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն 250 անձի տրամադրելու համար: Այսինքն, Երևանում, որ 1 միլիոնից ավելի մարդ է բնակվում, ընդամենը 250 հոգու մասին է այստեղ խոսք գնում»,- մանրամասնեց ավագանու անդամը:
Միքայել Մանրիկյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 14 միլիոն դրամ հատկացնել հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման համար, որից, մասնավորապես, 9 միլիոն դրամ՝ այդ զուգարանների պահպանման, և 5 միլիոն դրամ՝ երկու նոր զուգարան Արաբկիր վարչական համայնքում կառուցելու համար:
«Հարց՝ ինչո՞ւ երկու զուգարան և ինչո՞ւ հենց Արաբկիրում: Ի դեպ, 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 148 միլիոն հատկացնել ներդրումային ծրագրերին, որից 18 միլիոնը նախատեսվում է ներդրումային ծրագրերի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվական բուկլետների, կատալոգների տպագրության համար: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նոր զուգարաններ կառուցելու համար 5 միլիոն դրամ ենք տրամադրում, իսկ բուկլետների համար՝ 18 միլիոն:
Խայտառակություն է նաև կանաչապատման ծրագիրը: Հատկապես Սարալանջի հատվածը դեռևս գարնանը պետք է կանաչապատեին, չարեցին, որովհետև 4-5 ամիս է՝ չունենք Կանաչապատման վարչության պետ: Այս բյուջեով նախատեսել են ՀՈԱԿ ստեղծել և գումար հատկացնել: Դեռ չի ստեղծել, բայց գումար է հատկացնում»,- նկատեց ավագանու անդամը:
Միքայել Մանրիկյանը տեղեկացրեց նաև, որ իրենց առաջարկներն ու դիտողություններն են ուղարկելու քաղաքապետին:
«Առաջարկելու եմ, որ առողջապահական բյուջեն ավելանա մի քիչ ու գոնե պոլիկլինիկաների միայն կտուրները չվերանորոգեն»,- եզրափակեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Անի Կարապետյան