Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն օրինական է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին:

«Մեր երկրում խոսքի ազատությունը լիովին ապահովված է: Մի քանի օր կարծիքների արտահայտման ազատությունն ընթանում էր առանց խնդիրների, բայց այնուհետեւ մի քանի անպատասխանատու քաղաքական գործիչներ կոչ արեցին քաղաքացիներին՝ նախ՝ արգելափակել ճանապարհները եւ բարիկադներ կանգնեցնել, այնուհետեւ՝ շրջափակել խորհրդարանի շենքը: Գիշերվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը հարցականի տակ դրվեց, գլխավոր պետական հաստատությունը չէր գործում կես օր: Փաստորեն հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա: Նման դեպքում ոստիկանությունն ու կառավարությունն ընդունեցին որոշում, որի իրավունքն ունեին»,-հայտարարել է Գախարիան լրագրողներին:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել 37 մարդ:

Տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակում՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրահավաքի մասնակիցների անօրինական գործողությունները: Գախարիան հավելել է, որ ապակառուցողական գործողությունների կրկնվելու դեպքում իրավապահները կգործեն նույն կերպ: Մինչդեռ վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում:

Բողոքի շարժման ղեկավարները ծրագրում են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ: Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ:

Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը: Ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս