Բաժիններ՝

Ձմռանն ավելացնել տուրիստների հոսքը Գյումրի. ՀՀ-ն մարքեթինգային արշավ է սկսում մի շարք երկրներում

Զբոսաշրջության կոմիտեն բյուջեից տրամադրված լրացուցիչ միջոցներով հավելյալ մարքեթինգային քաղաքականություն է սկսում՝ հիմքում ունենալով նաև ձմեռային զբոսաշրջության զարգացումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ շեշտադրվելու է նաև Գյումրին: Այս գործում առկա է Զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Մարքեթինգային ասոցիացիայի համագործակցությունը:

«Թիրախավորված մարքեթինգային արշավ է իրականացվելու Ռուսաստանում, Չինաստանում և Վրաստանում: Նպատակը համեմատաբար ավելի պասիվ սեզոնին՝ ձմռանը ևս, զբոսաշրջությունը նկատելի ակտիվացնելն է: Խնդիր է դրված ձմռանը աշխուժացնել դեպի Գյումրի ուղղությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա նկատեց, որ Վրաստանում աշխատանքներ իրականացվելու են ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ տարբեր երկրներից այդտեղ այցելած զբոսաշրջիկների շրջանում:

Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը դինամիկ կերպով զարգանում է: Ավանդական Ջերմուկի ու Ծաղկաձորի կողքին ավելացել են նոր կենտրոններ, մասնավորապես, Շիրակում ՝Աշոցքը, Կոտայքում Լեռնանիստ համայնքը:

«Իհարկե, պետք է այնպիսի քաղաքականություն վարվի, որ երևա՝ Հայաստանում ձմեռային տուրիզմը միայն դահուկային մարզաձևով չի ավարտվում, անհրաժեշտ է շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ այստեղ կարելի է անցկացնել սուրբծննդյան, ամանորյա տոները: Չէ՞ որ, մեր երկրում ձմռանը նույնպես կարելի է հետաքրքիր հանգիստ կազմակերպել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս