Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին աջակցություն կտրվի. Կառավարությունը փոփոխություն է առաջարկում օրենքում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման):

Օրենքի նախագիծը Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Օրինագծի ընդունմամբ կկարգավորվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազար դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 մլն 496.000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144.000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար։

Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը կսահմանի ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը և փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով:

Տեսանյութեր

Լրահոս