ԵՄ-ն անօրինական է համարում հրեական բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։
«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում. բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է միջազգային իրավունքին համապատասխան եւ խարխլում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու եւ կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձեւով»,- նշվում է հայտարարության մեջ:
«ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն իր՝ որպես օկուպացնող տերության պարտավորություններին համապատասխան»,- ընդգծել է Մոգերինին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:
Իսրայելում ողջունել են սույն որոշումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: