
«Անհանգստությամբ եմ հետևում Վրաստանի իրադրությանը». Թոմաս Գրեմինգեր

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ անհանգստացած է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով։
«Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել է Գրեմինգերը Twitter-ում:
Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը:
Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել 37 մարդ:
Նախարաությունը հավելել է, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն ենթարկվել ոստիկաններին եւ խուլիգանություն են արել: Ակցիայի մասնակիցների ցրման ընթացքում տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: