
Մովսես Հակոբյանը կվերանշանակվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին:
Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական» է գնահատում իր ազատման որոշումը, նա նշեց, որ որեւէ լարվածություն, որեւէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել:
Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաեւ չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի:
Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է: Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն:
Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այդ կառույցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: