Բաժիններ՝

Գլխավոր մրցանակը՝ «Ջոկեր» ֆիլմի օպերատորին

Օպերատոր Լոուրենս Շերը, որն աշխատել է Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի (2019) վրա, ստացել է EnergaCamerimage կինոօպերատորական արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը, որը տեղի է ունեցել Լեհաստանի Տորուն քաղաքում։

Շերին են հանձնել ոսկե դոդոշի տեսքով արձանիկը: «Ջոկերն» ստացել է հանդիսականների համակրանքների մրցանակը: Շերի խոսքով՝ այդ կինոնկարի հեղինակները «ցանկացել են ստեղծել ոչ միայն առեւտրային ֆիլմ, այլեւ գործ՝ արվեստի տարրերով»:

«Արծաթե դոդոշը» բաժին է ընկել ռեժիսոր Ֆեռնանդու Մեյրելիշի «Երկու Պապ» (2019) դրամայի օպերատոր Սեզար Շառլոնիին, իսկ երրորդ տեղը եւ բրոնզե արձանիկը հանձնել են Վլադիմիր Սմուտնիին Վացլավ Մարգոուլի «Գունազարդված թռչունը» (2019) ֆիլմի սեւ-սպիտակ նկարահանման համար: Ընդամենը փառատոնի ընթացքում պարգեւներ են շնորհվել 10 տարբեր կատեգորիաներում: Մեծ իրադարձություն է դարձել ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի այցը Տորուն, որը Ռոբերտ Ռիչարդսոնի հետ մեկտեղ պարգեւ է ստացել «ռեժիսոր-օպերատոր» դուետի համար: Երկուսն էլ հայտարարել են, որ հպարտանում են դրանով:

Փառատոնի ավարտին «Ոսկե դոդոշ» է ստացել ամերիկացի դերասան Ռիչարդ Գրը: «Այս տարի լրացավ իմ 70 տարին: Ես չեմ զգում այս տարիքը, բայց այն կա: Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ՝ խաղալով կինոյում: Դա միջոց էր հասկանալու, թե ով եմ ես իրականում»,- ասել է նա իր խոսքում:
EnergaCamerimage կինոօպերատորական արվեստի փառատոնը Տորունում կայացել է արդեն 27 անգամ: Նշվում է, որ ապագայում այն այդ քաղաքում կանցկացվի ամեն տարի, քանի որ հանրապետության մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարությունը միջոցներ է հատկացրել Camerimage Եվրոպայի կինեմատոգրաֆիական կենտրոնի ստեղծման համար: Մինչեւ 2025 թվականն այդ ծրագրով կկառուցվի նոր շենք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս