Ոստիկանությունում երկրորդ ուսումնասիրությունը կատարվում է հագուստների գնման և շինարարության մասով. ՊՎԾ
Երեկ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Ըստ ուսումնասիրության՝ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:
168.am-ի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանն անդրադառնալով ուժային կառույցներում իրականացվող ուսումնասիրություններին՝ նշեց. «ԱԻՆ-ում և ԱԱԾ-ում ուսումնասիրությունները մինչև դեկտեմբեր ամսվա սկիզբ կավարտվեն, քանի որ կան հստակ ժամկետներ, իսկ Ոստիկանությունում ընթացող մյուս ուսումնասիրությունը կավարտվի այս ամսվա 19-ին: Ի դեպ, Ոստիկանությունում երկրորդ ուսումնասիրությունը կատարվում է հագուստների գնման և շինարարության մասով»:
Այս համատեքստում նա, ընդհանուր առմամբ, շեշտեց, որ երբեմն լինում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները չեն հրապարակվում, քանի որ կա գաղտնիության սկզբունքի պահպանման խնդիր:
Մարիամ Պետրոսյան