
Ամբողջ գիշեր սմարթֆոնով խաղացած չինացին կուրացել է

Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել է այն բանի պատճառով, որ չափազանց շատ է օգտվել սմարթֆոնից: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Այդ մարդն ամբողջ գիշեր խաղացել է իր շարժական հեռախոսով, եւ, հաջորդ առավոտյան արթնանալով ու կրկին ձեռքը վերցնելով սմարթֆոնը, հասկացել է, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում:
Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ գերլարվածությունից պացիենտի աչքի մեջ անոթ է պայթել, ինչը հանգեցրել է արյունազեղման: Նրան վիրահատել են, որի ընթացքում լազերով ճեղքել են ցանցաթաղանթը:
Բժիշկների կանխատեսմամբ, նրա տեսողությունը կվերականգնվի մեկ ամսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: