ՌԴ առողջապահության նախարարության փորձագետները նշել են առողջ կենսակերպի հինգ ցուցանիշները
Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր պրակտիկայի արտահաստիքային գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան՝ ելույթ ունենալով «Առաջնային բժշկա-սանիտարական օգնության ցուցաբերման համակարգի զարգացումը» Համառուսաստանյան գիտագործնական խորհրդաժողովում:
«Մեր փորձագետները՝ հայտնի պրոֆեսոր Սվետլանա Շալնովայի գլխավորությամբ, բացահայտել են այն հինգ հիմնական ցոււցանիշները, որոնք կազմում են առողջ կենսակերպը՝ մաթեմատիկայի օգնությամբ: Եվ պարզվել է, որ առաջինը չծխելն է»,-ասել է նա:
Որպես երկրորդ ցուցանիշ նշվել է ճիշտ սնվելը, եւ հատկապես բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը: «Ռուսաստանում դա խնդիր է, մենք բանջարեղեն եւ մրգեր քիչ ենք գործածում. օրական հարկավոր է 400 գրամ բանջարեղեն ու մրգեր օգտագործել»,-նշել է փորձագետը: Բացի այդ, չարժե չափից ավելի աղ անել կերակրին եւ օրական օգտագործել 5 գրամից ավելի աղ: Կարեւոր տեղ է հատկացվել ֆիզիկական ակտիվությանը. Դրապկինան հավելել է, որ բավարար կլինի օրական մեկ ժամ քայլելը: Առողջ կենսակերպի վերջին ցուցանիշը համարվել է ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: