«Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան
2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բուժծառայությունն իր առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ապրիլյան պատերազմի օրերին չի մատուցվել զինվորին պատշաճ բուժօգնություն, առաջին բուժօգնության համար չեն եղել բժշկական պարագաներ:
«Ապրիլյան պատերազմից հետո նախագահի ելույթում բուժծառայությունը լավագույն ծառայությունների թվում էր, որն իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով»,- նշեց նա՝ շեշտելով, որ ոմանք չեն պատկերացնում բուժծառայության էությունը, թե տարբեր ժամանակահատվածի համար ինչ պիտի արվի:
«Փաստը մնում է փաստ, որ ռազմաբժշկական ծառայությունն այդ օրերին իրականում բարձր մակարդակով իր խնդիրը կատարել է, ընդ որում՝ դասագրքային պահանջներից ավելին: Սա ապացուցող վիճակագրական տվյալներ կան: Մասնավորապես, մենք ունեցել ենք ամենաքիչ թվով սանիտարական կորուստներ, ունեցել ենք ամենաքիչ թվով խեղված զինծառայողներ: Դուք կարող եք ռազմաբժշկական վարչությունից տվյալները վերցնել, որտեղ կա մշակված և վերլուծված մեր կատարած աշխատանքը: Այդ ժամանակահատվածում հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան չորս դեպք, որից մի դեպքում բավականաչափ այրվածքներ են եղել: Անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, բայց հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկել: Մարտական նման ծավալի գործողությունների դեպքում կարող էր խեղված և վիրավոր զինծառայողների շրջանում կորուստների թիվն ավելին լինել, սակայն, բարեբախտաբար, դա չեղավ մեր բժիշկների կատարած աշխատանքի և ունեցած հագեցվածության շնորհիվ:
Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել: Կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը:
Մարիամ Պետրոսյան