«Էսպիսի բան երբեք չի եղել. 2020թ. պետբյուջեի եկամուտները կազմում են շուրջ 1.7 տրիլիոն դրամ». Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ Կառավարության սկզբունքների մասին խոսելիս ինքը կարևորում է երկու բան՝ մասնակցայնություն և ներառականություն։ Ըստ ԱԺ նախագահի՝ հենց այս երկու կարևոր բառերով է առաջնորդվում Կառավարությունը։ Այս մասին այսօր 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահը՝ հանդես գալով արտահերթ ելույթով։

«Կոռուպցիայի, թալանի բերումով ՀՀ քաղաքացին օտարված էր պետությունից, չէր զգում իրեն պետության սեփականատեր և չէր զգում հարկ վճարելու իմաստը, որովհետև չէր տեսնում, թե այդ հարկերն իրեն ինչպե՞ս են ետ գալիս։ Ես հարցադրում էի անում՝ կհաջողվի՞ արդյոք կառավարությանը փոխել այս վերաբերմունքը, եթե հաջողվի, ուրեմն կհաջողի Կառավարությունը։ Հիմա, հեղափոխությունից 1.5 տարի անց, իսկապես ժամանակն է եկել, որ թվերը խոսեն»,- ասաց  Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով  2020 թվականի բյուջեում արտացոլված որոշ թվեր։

Ըստ ԱԺ նախագահի՝ այս նախագծում 2020 թվականին նախատեսվող  պետական բյուջեի եկամուտները կազմում են շուրջ 1.7 տրիլիոն դրամ։

«էսպիսի բան երբեք չի եղել, 2017 թվականին եղել է 1.2, իսկ 2018 թվականին 1.3 տրիլիոն դրամ է եղել. Այսինքն՝ մենք ունենք շուրջ 500 միլիարդ դրամի տարբերություն, իսկ ի՞նչ է սա, եթե ոչ՝ շատ շոշափելի ապացույց, վկայություն այն բանի, որ քաղաքացիները մասնակցում են երկրի տնտեսությանը, հավատում են երկրի տնտեսական աճին, հավատում են պետական ինստիտուտներին»,- ասաց  Արարատ Միրզոյանը։

Վերջին ներկայացրեց նաև տարբեր ոլորտներին 2020 թվականին հատկացված ֆինանսական ցուանիշները՝ դրանք համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ։

Արարատ Միրզոյանն իր ելույթի վերջում նշեց, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են, թե լավատեսական տրամադրությունները, կոռուպցիայի դեմ պայքարը չեն արտացոլվում կոնկրետ թվերի տեսքով և մարդկանց հետ չեն հասնում, այդ բոլոր մտահոգություններն ավելորդ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս