«Եթե Փաշինյանը գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, բայց չեկավ, չունեցանք». Վազգեն Մանուկյան

«ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ: Նախատեսում ենք երևի գարնան ամիսներին համագումար անել, և դա նշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ «Վերնատունը» վերկուսակցական կատույց է, ու այնտեղ քաղաքական հարցերը քննարկվում են մի քիչ այլ երանգներով:

Այս օրերին շատերին է հետաքրքրում, թե որտեղի՞ց է ֆինանսավորվում «Վերնատուն» ակումբը: Մանուկյանի խոսքով՝ գումարը գոյանում է «Վերնատան» ակտիվ անդամների ֆինանսական միջոցներից, ոչ մի գրասենյակ ակումբին չի ֆինանսավորում:

Անդրադառնալով լուրերին, թե Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը և Վիկտոր Սողոմոնյանը ֆինանսավորել են ակումբը, Մանուկյանը միանշանակ հերքեց, բայց նաև չնշեց ֆինանսավորողների անունները:

Իշխանական ուժի ներկայացուցիչները վերջին շրջանում խոսում էին այն մասին, որ Վազգեն Մանուկյանը, լինելով նախկին ռեժիմի մաս, հանդիպումներ է ունեցել ռեժիմի որոշ ներկայացուցիչների հետ:

«Ես հանդիպում ունեցել եմ միշտ ու հանդիպում ունենալու եմ միշտ: Բոլորի հետ էլ հանդիպում եմ: Մենք միասին անցել ենք պատերազմ: Ռոբերտ Քոչարյանը, որ դուրս եկավ կարճ ժամանակով, մենք էլի հանդիպեցինք, խոսեցինք: Ես հանդիպում եմ բոլորի հետ, ես Նիկոլ Փաշինյանի հետ էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով,- Մեջներիցդ հանեք, որ կա ինչ-որ մի չար դաշտ, որ վախենանք այդ դաշտին մոտենալ: Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակը և սևը, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ: Դուք երիտասարդ տղաներ եք, մի՛ թույլ տվեք, որ ձեզ այդ ձևով խաբեն: Չկա այդպիսի բան»:

Օրեր առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ, և դուրս էր եկել խորհրդից: Իսկ դրանից օրեր անց իրեն հուզող քաղաքական հարցերի մասին բարձրաձայնում է «Վերնատուն» ակումբում: Ի՞նչն էր խանգարում Վազգեն Մանուկյանին նման հարցերի մասին խոսել Հանրային խորհրդում:

«Հանրային խորհրդի գործառույթներն ու այն, ինչ հիմա մենք անում ենք, մի քիչ իրարից տարբեր են: Այստեղ մենք ավելի քաղաքականացված ենք այդ հարցերին նայում: Հանրային խորհուրդն ունի միսիա՝ այդ հարցերը քննարկել վարչապետի հետ և առաջարկություններ անել: Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ ես Հանրային խորհրդի նախագահ էի, փակ քննարկումներ էինք անում և հանդիպում էինք իր հետ, ու բավականին սուր վեճեր էին լինում: Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողվեց այդ ձևաչափով անել: Ես, օրինակ, շատ եմ կարևորում, որ երկրի ղեկավարն ունենա տեսլական, հստակ ձևակերպի, թե ինքն ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել, որովհետև ժողովրդավարական պետությունը ժողովրդավարական է մնում, բայց ղեկավարից շատ բան է կախված: Եթե գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, բայց չեկավ, չունեցանք»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդում լինելու ժամանակաշրջանում կոշտ գնահատականներ է տվել իշխանության թույլ տված այն սխալներին, որոնք վտանգավոր են Հայաստանի համար:

Անդրադառնալով «Վերնատուն» ակումբի համաժողովի մասնակիցներին, Մանուկյանն ասաց, որ իրենք հրավերք են ուղարկել նաև խորհրդարանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Հասե՞լ են նրանց հրավերքները, չգիտի:

Կլոր սեղանի շուրջ տեղ էր հատկացված նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար, բայց վերջինս ներկա չէր: «Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել էինք, իրեն հրավիրատոմս չէր հասել, առավոտյան պետք է գար, վերցներ, ինչո՞ւ ներկա չի եղել, չգիտեմ»,- ասաց «Վերնատուն» ակումբի նախագահը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս