Բաժիններ՝

Փաստաբանների պալատի նախագահը հանդիպել է կաշառք վերցնելու համար մեղադրվող փաստաբանների հետ

«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ, որոնց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով գումարը խարդախությամբ հափշտակելու համար»,- 168.am-ին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

«Այս փուլում Ալինա Ավետիսյանը և Նելլի Պապյանը չեն ցանկացել օգտվել փաստաբանների իրավաբանական օգնությունից: Անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատը նրանց կապահովի իրավաբանական օգնությամբ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը քննարկում է նաև փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն բացահայտել էր Փաստաբանների պալատի 2 անդամի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք: Համաձայն ԱԱԾ հայտարարության՝ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամ քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկումը կրող դատապարտյալին առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանում՝  դրանով իսկ դրդելով դատապարտյալին 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալ:

168.am-ը փորձեց կապ հաստատել փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ: Նրանց հեռախոսահամարներն անջատված են:

Մեր տեղեկություններով՝ 2 փաստաբանն էլ այս պահին գտնվում են ազատության մեջ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս