«Տեսականին ավելացնելով՝ չի նշանակում, որ զինվորի սնունդը նորմալիզացված չի». Արծրուն Հովհաննիսյան
Զորամասերում սննդի նոր կարգի դեպքում ևս զինվորի սնունդը նորմալիզացված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Տեսականին ավելացնելով՝ չի նշանակում, որ զինվորի սնունդը նորմալիզացված չի, նորմալիզացիան իրականացվում է ՀՀ ԶՈւ համապատասխան ծառայությունների կողմից: Ամեն ինչ հաշվարկված է՝ և՛ կալորիան, և՛տեսականին: Կրկնում եմ՝ամեն ինչ վերահսկվում է համապատասխան ծառայությունների կողմից՝ որակի, ավել-պակասի տեսանկյունից: Մարդիկ երբեմն նորմալիզացիա ասելով՝ հասկանում են խորհրդային մոդելը, որտեղ շատ հստակ սնունդի մի քանի տեսակ էր գրված:
Այս ամեն ինչը վաղուց պատմության գիրկն է անցել, աշխարհի առաջատար ոչ մի բանակ խորհրդային այդ մոդելով սննդի կազմակերպում չի իրականացնում: Բոլոր երկրներում վաղուց իրականացվում է այդ ազատ մոդելը և տեսականու ավելացումը»,- նշեց նա:
Հարցին՝ նորմա՞լ է, եթե զինվորը ցանկանա միայն տապակած կարտոֆիլ ուտել՝ ֆիզիկական ուժի տեսանկյունից, կամ արդյոք չկա՞ քաշի ավելացման ռիսկ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ քաշային հարցը չի կարող սննդի պակասի հաշվին լինել, դրա համար զինվորը պետք է մարզվի:
«Եթե նախկին սննդակարգում միայն կարտոֆիլ էր ուտում, քաշը չէ՞ր ավելանում: Նախկին սննդակարգում տեսականին ավելի քիչ էր, և զինվորը կենտրոնացած էր մեկ-երկու բանի վրա: Հիմա տեսականին ավելի շատ է, և նա ընտրելու ավելի մեծ հնարավորություն ունի: Երկրորդ՝ զինվորի քաշի մասին սնունդ ապահովողը չի մտածում, այլ հրամանատարը, որը պիտի մարտական պատրաստության միջոցով այնպես անի, որ զինվորն ավելորդ քաշ չունենա: Զինվորն ավելորդ քաշը կորցնում է մարզումների միջոցով»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է սննդի հին և նոր մոդելի ծախսային տարբերությանը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ծախսային ցուցանիշը գրեթե նույնն է:
Չգաղտնազերծելով զորամասերի թիվը, որտեղ արդեն իսկ ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգը, Հովհաննիսյանը նշեց, որ ցանկանում են 2020 թվականին ավարտին հասցնել բոլոր զորամասերում այս համակարգի ներդրման գործընթացը:
Հիշեցնենք, որ այս պահին բանակին նոր համակարգով սնունդ է մատակարարում 6 կազմակերպություն:
Մարիամ Պետրոսյան