«Աշխարհի վերջը մոտենում է… դրանք խավարի զավակներ են». Վարդան Ղուկասյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ աշխարհի վերջը մոտեցել է, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը՝ եկեղեցու վրա հարձակումը, միասեռականների գործողությունները, հուշում են այն մասին, որ աշխարհի վերջը շատ մոտ է:
«Եկեղեցու վրա հարձակվողները թուրքից սերված պետք է լինեն, հայոց եկեղեցու վրա միայն թուրքերն են հարձակվել, հետո՝ սատանան: Դուք գիտե՞ք, որ իրենք էլ են ընդունում, որ կա հանդերձյալ կյանք, դրանք խավարի զավակներ են: Մենք եկեղեցու համար նահատակվել ենք»,- ասաց Վարդան Ղուկասյանը և նկատեց՝ գրվածը կատարվում է, աշխարհի վերջը շատ մոտ է, և ամեն ինչ հենց այսպես պետք է լինի:
«Այն ժամանակ ֆիլմեր էին ցույց տալիս, աղջիկ-տղա միայն համբուրվում էին, ի՞նչ է կատարվում հիմա, դրա համար էլ գրվածը կատարվում է: Այն ամենը, ինչ կատարվում է, աշխարհի վերջի նախանշաններն են, բացեք մի քիչ հայոց պատմություն կարդացեք, մի քիչ հինը սովորեք»,- հորդորեց պատգամավորը:
Զվարթ Խաչատրյան