«Դասախոսների մեծ մասը ստորագրել է այս հայտարարության տակ». Յուրի Ավետիսյան
«Պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ստորագրել է այս հայտարարության տակ և համամիտ է այս հայտարարությանը, բացառություններ, իհարկե, կան»,- այսօր ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների տարածած հայտարարության մասին խոսելիս ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ պրոֆեսորադասախոսական կազմի այսօրվա համերաշխության գործադուլը չպետք է ընկալել նախազգուշական՝ վախեցնելու առումով:
«Եթե այդպիսի բառի գործածում եղել է, ապա դրա մտավախությունն այն է, որ Աշխատանքային օրենսգրքում ասվում է, թե պետք է 1 շաբաթ առաջ տեղեկացվի գործադուլի մասին: Իսկ քանի որ դեպքերը մեր կյանքում շատ ավելի արագ են ընթանում, քան մենք կանխատեսում ենք, մենք որոշեցինք այդ բառը չգործածել, այլ՝ համերաշխության մեկօրյա գործադուլ բառը»,- ասաց Ավետիսյանը` հավելելով, որ ինքը կցանկանար եղածը խորհրդանշական գործադուլ անվանել, որովհետև դասախոսները ցանկանում են, որպեսզի այս քայլով իրենց ձայնն ավելի լսելի լինի կառավարող շրջանների համար:
Դասախոսները հույն ունեն, որ հարցը հրատապ քննության կդրվի, որին կմասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերն անխտիր:
«Քննարկումը, նախընտրելի կլիներ, որ տեղի ունենար Երևանի պետական համալսարանում, օրինակ՝ Հայ բանասիրության ֆակուլտետում, որովհետև այս շարժումը կարծես թե սկիզբ է առել մեր ֆակուլտետում, բայց և պատրաստ ենք քննարկմանը մասնակցել ցանկացած այլ վայրում»,- ասաց Ավետիսյանը՝ խնդրելով, առաջարկելով և հորդորելով, որ այդ քննարկմանն անպայման մասնակցի ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսներն ուսանողությանն ու իշխանություններին ուղղված հայտարարություն են տարածել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«1. ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթին:
2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ:
3. Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիր, իրավասու կողմերի և մասնավորապես ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների: Հորդորեցինք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ