Բաժիններ՝

Գյումրիի մաքսատանը հերթերը վաճառում են. Ավտոներկրողներն ահազանգում են

Ավտոներկրողները նոյեմբերի 11-ին «Չենք ուզում գնալ Գյումրի» կարգախոսով փակել էին Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:  Նրանց պնդմամբ՝ Գյումրի հասնելը լրացուցիչ բեռ է բոլորի համար, ուստի հորդորում էին Կառավարությանը՝ փոխել որոշումն ու մինչև հունվարի մեկը թույլատրել մեքենաները մաքսազերծել Երևանում:

«Երեք կիլոմետրանոց հերթի մեկ չորրորդ մասը գյումրեցիների արդեն մաքսազերծված ու հաշվառված մեքենաներն են կանգնած,  որոնց վարորդները հերթ են վաճառում»,- 168.am-ին հայտնեց ավտոներկրողներից Սևակ Ալավերդյանը:

Գործընկերոջ՝ Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ էլ՝ հերթ վաճառելու մի քանի սակագին կա՝ կախված,  թե ինչքան հեռավորություն է մնացել մինչև մաքսատուն:

«Ամենասկիզբը հասնելու համար 20.000 դրամ են ուզում: Այդ  հերթ վաճառողներից մեկին մոտեցա,  ասացի՝ հարգելիս դուք արհեստականորեն ավելացնում եք հերթերը, ու դրա պատճառով ես ստիպված եմ լինում ավելի երկար սպասել հերթում, նա ինձ պատասխանեց, թե   իր հողի վրա է, լավ է անում, ու երբ ինքն է ժամանակին եկել Երևան, նույն կերպ երևանցիներին է վճարել: Ոստիկան կար միայն մաքսատան տարածքում»,- հավելեց նա:

Ավտոներկրողները դժգոհեցին նաև չվերանորոգված, քանդված ճանապարհից՝ նշելով, որ Բագրատաշենից Գյումրի  40 կիլոմետր այդպես անցնում են:

Հիշեցնենք, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր՝ սահմանվելու է  Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:

Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացրել է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ, կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն:

Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր՝ սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս