ԵՊՀ դասախոսները 1 օրով գործադուլ են հայտարարում
Ուսանողները շարունակում են դասադուլը: Այսօր առավոտյան ժամը 9:30-ից ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները կրկին հավաքվել են իրենց մասնաշենքի դիմաց: Ուսանողների դասադուլն այս անգամ ուղեկցվում էր «Դա-սա-խոս, մի-ա-ցի՛ր» վանկարկումներով:
«Դուք մեր մեջ կրթել եք արժեքներ, որոնց համար մենք հիմա այստեղ ենք: Դուրս եկեք, կանգնեք մեր կողքին, այս արժեքները միայն մերը չեն: Դասախոս, միացի՛ր»,- ասում էր ցույցի մասնակից ուսանողներից մեկը:
Ուսանողներին մոտեցավ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը: Նա ուսանողներին վստահեցրեց, որ կարիք չկա՝ «Դասախոս, միացի՛ր» վանկարկելու, քանի որ իրենք երբեք էլ ուսանողից անջատ չեն եղել:
«Ուրիշ հարց է, որ ամեն մեկն ընտրել է քննարկման, հարցի լուծման իր ճանապարհը: Դուք առաջին օրը հայտարարեցիք, որ երկու ժամով նախազգուշական դասադուլ եք անում, մենք էլ ձեր կողքին կանգնած էինք, բայց դուք պայքարն այլ ուղղությամբ տարաք, հաճելի է, որ ոչ քաղաքական»:
Դասախոսը մտավախություն ունի, որ ուսանողներին նույնականացնում են տարբեր քաղաքական ուժերի հետ: ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիաների են դուրս եկել նաև ՀՅԴ երիտթևի անդամները:
Աշոտ Տեր-Մինասյանը լրատվամիջոցներին կոչ արեց պայքարի դուրս եկած ուսանողներին քաղաքական պայքարին չխառնել: Դասախոսն ուսանողներին ասաց, որ կարոտում են իրենց: Լրատվամիջոցների հետ զրույցում Աշոտ Տեր-Մինասյանը վստահեցրեց՝ հայոց լեզուն բուհական ծրագրերում պարտադիր է:
«Մենք մեր երկրի բոլոր խնդիրները լուծե՞լ ենք, եկել ենք հասել տապալված կրթությունը ոտքի հանելու համար ազգային ինքնությունը հաստատող, պահպանող առարկաների դեմ պայքարելո՞ւն: Մենք առաջարկում ենք քաղաքակիրթ քննարկում ունենալ: Չկան անսխալական մարդիկ, եթե մենք ենք սխալ, թող մեզ համոզեն, բայց ոչ հեռուստատեսությամբ հայտարարելով, երբեմն՝ հեգնելով, երբեմն՝ ծաղրելով:
Երկու օր առաջ լսում եմ մեկին, որի հաղորդումը հարգում եմ՝ դրա համար անունը չեմ տալիս, մտածում էի՝ վատ է խոսում, երևի կրթություն չունի, բայց հայտարարեց, որ՝ «եթե դասախոսները չեն կարում ուրիշ աշխատանք գտնեն, թող էթան փողոցում ման գան»: Եթե այս մարդկանց միջոցով պետք է խնդիրը լուծեն, սա խայտառակություն է, ես տեսնում եմ, որ կան քաղաքակիրթ մարդիկ, թող գան, նստենք զրուցենք, մենք ծրագրեր ենք մշակել, թող գան՝ մատը դնեն, ասեն՝ այս ծրագրի այս մասը լավը չէ, վա՞տ են դասավանդում, թող գան՝ ասեն՝ այս ֆակուլտետում այս դասախոսը վատ է դասավանդում»,- ասաց Աշոտ Տեր-Մինասյանը:
Ըստ դոցենտի՝ դեռ 10 տարի պետք է, որ դպրոցներում Հայոց լեզու առարկան հասնի անհրաժեշտ մակարդակին, բայց այդ դեպքում էլ չի կարելի բուհերից հանել առարկան, քանի որ բուհերում սովորում են ոչ թե Հայոց լեզու, այլ Հայոց լեզու և խոսքի մշակույթ:
ԵՊՀ դասախոսները հայտարարեցին 1 օրով գործադուլ սկսելու մասին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ