«Գողականներն ամենախելացի տղերքն են». Վարդան Ղուկասյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժգոհ է այն խոսակցություններից, թե իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրիում կրիմինալն ավելի շատ է եղել:
«Երեկ պատահական այս խոսակցությունների մասին լսել եմ, նախկինում լրատվականներն էլ էին այդպիսի բաներ գրում, բայց ոստիկանությունը, որ վիճակագրությունը ներկայացնում էր՝ Հայաստանում ոչ կրիմինալ քաղաքը Գյումրին էր: Կարող եք բացել վիճակագրությունը և ուշադիր նայել: Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին և դրանից հետո մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի այդ գործը փակվի-գնա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Նա վստահեցրեց, որ Գյումրին իր օրոք համերաշխ է եղել, և իրենք էլ հարգանք են վայելել:
Անդրադառնալով Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի՝ նախատեսված է քրեական ենթամշակութային կյանք ունեցող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության, Վարդան Ղուկասյանն ասաց, որ Հայաստանում կրիմինալ չկա:
Իսկ ինչ վերաբերում է օրենքով գողերին, նա նկատեց. «Օրենքով գողերի նման խելացի մարդիկ աշխարհի տակը չկան, ամենախելոքը օրենքով գողերն են: Ես նրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես չեմ էլ տեսել վերջին 10-15 տարիներին որևէ մեկին: Չեմ ուզում այս ամենին շատ անդրադառնալ, բայց ով «քյասիբին» ու անտերին տեր է, մարդ է իսկական, այդպիսի մարդկանց չե՞ք հարգում, բոլորս էլ հարգում ենք: Բայց պետք չէ այս օրենքով վերցնել ու նմանատիպ մարդկանց ուղարկել գաղութ, պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ կլինի: Այս ամենի տակ անմեղ մարդկանց կլցնեն բանտերը»:
Ըստ նրա, այսօր «գաղտնի վկա կա, որը 10-15 տեղ գաղտնի վկայություն է տալիս», Գյումրիում նույն անուն-ազգանունով մարդիկ վկայություններ են տալիս, բայց որևէ մեկը նրանցով չի հետաքրքրվում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան