
Բրազիլիան ճանաչել է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավարին

Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է գերատեսչության միկլոբլոգում:
Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու եւ որքան կարելի է ավելի շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները:
«Բրազիլիան ձգտում է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 12-ին Անիեսն ստանձնել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի եւ խորհրդարանի երկու պալատների խոսնակների պաշտոնաթողությունից հետո: Խորհրդարանը Մորալեսի պաշտոնաթողությունը չի կարողացել իրավաբանորեն ձեւակերպել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները չէին եկել նիստին եւ առանց նրանց հնարավոր չէր քվորում ապահովել:
Մորալեսը եւ Բոլիվիայի ողջ բարձրագույն ղեկավարությունը պաշտոնաթող էր եղել նոյեմբերի 10-ին, 19-օրյա բողոքներից հետո, որոնք սկսվել էին նախագահական ընտրություններից հետո: Նոյեմբերի 12-ին Մորալեսը ինքնաթիռով մեկնել է Մեքսիկա, որտեղ ապաստան է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: