«Եթե այսքանից հետո Ձեզ համար հասկանալի չի եղել, Ձեր գործն է». «Իմ քայլի» պատգամավորը՝ ԼՀԿ-ական պատգամավորին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը ներկայացրել է օրենսդական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ սահմանադրական» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում։
Նախագծին առաջին ընթերցմամբ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Ըստ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ իրենց խմբակցությունն այս նախագծի վերաբերյալ ներկայացրել է առաջարկություններ, որոնք, սակայն, չեն ընդունվել։
«Մենք առաջարկել էինք, որ այդ փոփոխության արդյունքում քաղաքական խմբակցությունների առաջնորդները ներկայացված լինեն Անվտանգության խորհրդում, կարծում ենք՝ դա ճիշտ է խորհրդարանական կառավարման երկրում, մեր առաջարկությունները մերժվել են և մենք դեմ կքվեարկենք»,- ասաց Սիմոնյանը։
Ի պատասխան՝ նախագծի հեղինակը նշեց, որ ինքը երեկ հանգամանալից ներկայացրել է այն պատճառները, որոնք հաշվի առնելով էլ ԼՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել։
«Եթե այսքանից հետո Ձեզ համար հասկանալի չի եղել, Դուք դեմ եք քվեարկելու, Ձեր գործն է»,- ասաց Կարապետյանը։
Թեև ԼՀԿ-ն դեմ քվեարկեց, սակայն նախագիծն անցավ առաջին ընթերցմամբ 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։