Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը տարածաշրջանի մշակութային ժառանգության նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը եւ նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:

Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս