40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով. մանրամասներ
Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբորորդու հետ Տաշիր քաղաքում խնջույքի էր մասնակցել։ Միջոցառումից հետո նրա և Ստեփանավանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու միջև միջադեպ էր տեղի ունեցել։
Նախաքննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հենց այդ միջադեպի ընթացքում էլ 36-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ խփել էր 40-ամյա տղամարդուն, ինչից հետո վերջինս հորեղբոր որդու հետ գնացել էր նրա տուն ու հաջորդ օրը մահացել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 7-ին կասկածյալը ներկայացավ Ստեփանավանի քննչակամն բաժին ու ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։
Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։