ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայում հայերի մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Հանա Պետոյանը:
«Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հոգևորականի կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նա ծառայություն էր մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականի և նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը:
«Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:
Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին»,-նշում են ՀՀ ԱԳՆ-ից։