«Իրենք հասկացան, որ ՍԴ-ի դեմ պատերազմն ավարտվելու էր անփառունակ պարտությամբ». Վահան Բաբայանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու մասին

Այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ: Ըստ «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի՝ Արսեն Բաբայանի կալանավորումը հերթական շոուն էր, և պարզ էր, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվելու է:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին կալանավորել էին հոկտեմբերի 24-ին: Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Արսեն Բաբայանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ, ինչից հետո ՍԴ նախագահ է դարձել Հրայր Թովմասյանը:

«Իրենք հասկացան, որ ՍԴ-ի դեմ պատերազմն ավարտվելու էր անփառունակ պարտությամբ, որովհետև Հրայր Թովմասյանը մնաց անդրդվելի, նա կարողացավ պահպանել պետության հիմնարար ինստիտուտը՝ ՍԴ-ն, և պահպանեց պետականության և Սահմանադրության գոյությունը մեր երկրում: Հարգանքի արժանի քայլ, որը պետք է պատմության մեջ իր գնահատականը ստանա»,- ասաց Վահան Բաբայանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավարի խոսքով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա չհաջողվեց ազդել անգամ այս կերպ:

«Նրանք հասկացան, որ Արսեն Բաբայանը դարձել է քաղբանտարկյալ, իսկ քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում բերելու է լուրջ խնդիրների միջազգային ասպարեզում»,- ասում է նա:

Ըստ Վահան Բաբայանի՝ իրավական համակարգը հիմա ենթարկվում է մեկ մարդու, բայց այսպես երկար շարունակվել չի կարող:

«Շատ գործեր կարող են փլուզվել, օրինակ, «Մարտի 1»-ի գործը, որը կիսափլուզված  վիճակում է, և առհասարակ իրավական դաշտը չի կարող ենթարկվել մի մարդու քմահաճույքներին, որն ուզում է վրեժխնդիր լինել ու իր ծարավը բանեցնել մյուսների վրա, դա չի՛ ստացվելու»,- ասաց Վահան Բաբայանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս