Բաժիններ՝

«Բոլորին ձեռնտու է, որ առևտրի շրջիկ մեքենան կոնկրետ վայրում լինի»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուր իրականացնելու և ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել:

Ավելին, նոյեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է:
«Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն՝ մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,- նշել է քաղաքապետը:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով օրենքի նախագծում առկա բացթողումների մասին՝ ասաց.

«Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ  անընդհատ շարժման մեջ պետք է լինել, եթե ոչ, ապա կորչում է շրջիկ առևտրի հասկացությունը: Ես պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին բացատրեցի, թե ի՞նչ տարբերություն՝ այդ վայրում կլինի «Ա» շրջիկ կետը, թե «Բ», քանի որ, միևնույն է՝ այն զբաղված է լինելու, նույնն են լինելու նաև հարկերն ու ընդհանուր տեսքը: Մյուսը ժամերի հարցն է. եթե այնպիսի ժամեր են, որոնք ռեստորանների ու սրճարանների դեպքում են, դա լավ է, բայց եթե հատուկ մի քանի ժամ պետք է  լինի օրվա մեջ, դա հաստատ վատ է, ոչ ոք չի համաձայնելու սրան: Իսկ այդ ռոտացիան պատճառաբանում են նրանով, որ արդար լինի բոլորի համար, բայց միևնույն ժամանակ՝ ոչ մի հարցում չեն անցկացնում տնտեսվարողների շրջանում:

Բոլորին ձեռնտու է, որ առևտրի շրջիկ մեքենան կոնկրետ վայրում լինի, և իր հաճախորդը միշտ իմանա, որ ինքն այդ վայրում է, ոչ թե մեկ շաբաթ այդտեղ լինի, հետո հաճախորդն իջնի-տեսնի, որ բուրգերի փոխարեն՝ սուվենիր է, կամ բուրգերը չկա՝ սենդվիչ  կամ կոշկակարի կետ է»:

Արեն Մելիքյանը հայտնեց նաև, որ դեռ պետք է հանդիպեն Քաղաքապետարանի իրավաբանական վարչության,  ավագանու և  պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս