Քաջարանում 2-4 սենյականոց մոտ 70 բնակարան անհատույց կտրամադրեն քաղաքացիներին
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում նախատեսում են կառուցել 2-4 սենյականոց մոտ 70 բնակարան, որոնք ունենալու են 70-140 քմ մակերես:
«Շենքերը 4-6 հարկանի կլինեն, նախատեսում ենք ավտոկայանատեղի, սոցիալական և այլ բնույթի կառույցներ, օրինակ՝ մանկապարտեզ, խանութ, պուրակներ, խաղահրապարակներ, մեծ կանաչ տարածք: Նախագծի ընդհանուր արժեքը 2.7 միլիարդ դրամ է նախատեսված»,- լրագրողներին հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:
«Մի քանի ամիս է՝ սկսել ենք շփումը համապատասխան պետական մարմինների հետ: Առաջնային խնդիրն այն է, որ նախատեսված հողատարածքը գտնվում է պետական գույքի կառավարման հաշվեկշռի վրա, և մենք խնդրում ենք այն փոխանցել Քաջարան համայնքի հաշվեկշիռ: Պարտավորվում ենք թե՛ մեր աշխատակիցների, թե՛ մյուսների համար կառուցել բնակարաններ, առաջին հերթին՝ անհատույց հատկացնել բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին: Հուսով եմ, որ հաջորդ տարի կսկսենք այս աշխատանքները: Շինարարների գնահատմամբ՝ այն երեք տարի է տևելու: Ընդգծեմ, որ ծախսերն ամբողջությամբ հոգալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,- հավելեց նա:
Անի Կարապետյան