«Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական դիրքորոշումն է». Սիսակ Գաբրիելյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ է արձակվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երաշխավորություն ներկայացնելու դրդապատճառներին՝ նշեց, որ Արսեն Բաբայանին ճանաչում է լրագրող աշխատելու տարիներից, ուստի ճանաչելով նրա տեսակը՝ կարծում է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում:
«Ինքս դիմել եմ, անձնական երաշխավորություն եմ ներկայացրել և վճարել եմ պահանջվող գումարը՝ կես միլիոն դրամը, իսկ այսօր առավոտյան արդեն ստորագրել եմ համապատասխան երաշխավորությունը: Քիչ առաջ տեղեկացա, որ դատախազությունն այդ միջնորդությունը բավարարել է: Քննարկումներ եմ ունեցել իրավաբանների հետ, բնականաբար, միանձնյա չեմ ընդունել այս որոշումը, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ, և ըստ էության իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդության հետ: Այստեղ որևէ խնդիր չկա, իմ խորին համոզմամբ, նա այս փուլում չի կարող խոչընդոտել գործին»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում անձնական երաշխավորությունը չի կիրառվում, իսկ Արսեն Բաբայանի դեպքում կիրառվեց, Սիսակ Գաբրելյանը պատասխանեց, որ եղել է նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:
«Ես անձամբ չեմ պատրաստվում անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, քանի որ, բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու, իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական դիրքորոշումն է»,- շեշտեց նա:
168.am-ի հարցին՝ ճանաչելով Արսեն Բաբայանին՝ ի՞նչ է կարծում՝ նա կարո՞ղ էր փաստաթղթեր կեղծել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Այո, ես ճանաչում եմ նրան, այդ պատճառով էլ այդ հարցին չեմ պատասխանի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան