«Հստակ ասելու ենք՝ զորակցում ենք ՀԵՄ-ի ակցիաներին. հերիք եղավ դրսի ու ներսի դաշնակցական փնտրելու անիմաստ ու անպտուղ փորձերին». Հրաչ Վարժապետյանը՝ Փաշինյանի և ֆրանսահայերի հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

168.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին հրավիրված է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեից հայտնում են, որ Դաշնակցությունն ընդունել է հրավերը և այդ հանդիպմանը մասնակցելու է՝ առաջնորդվելով ազգային-քաղաքական վարքագծով, որն այլ բան չէ, քան հավատարմություն ու զորակցություն պետականությանը, քանի որ հստակորեն տարբերակում և սահմանագծում է պետություն ու իշխանություն հասկացությունները:

168.am-ի հետ զրույցում ֆրանսահայ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Ես երկրում չեմ, բայց մեր ընկերները հանդիպելու են և անպայման բարձրացնելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշման հարցը: Նաև հստակ ասելու ենք, որ՝ այո՛, մենք զորակցում ենք ՀԵՄ-ի ակցիաներին, և հերիք եղավ դրսի ու ներսի դաշնակցական փնտրելու անիմաստ ու անպտուղ փորձերին, որովհետև չկա նման բան. կա միայն մեկ Դաշնակցություն»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս