Հայկ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին
Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ արգելվում է միասեռականների՝ երեխա որդեգրելը:
«Գիտեմ, որ այս նախագիծը չի ընդունվելու, այդուհանդերձ ներկայացնեմ»,- իր խոսքում նշեց պատգամավորը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագծին՝ ասաց, որ այդ թեմայի մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ:
«Կարծում եմ՝ նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Ինչպես մեր գործընկերները ներկայացրեցին, ամեն անգամ նման հարցեր բարձրացնելով՝ այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,- շեշտեց Հայկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով արգելում է միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն:
«Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան