Ինչու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշակի փոփոխությունների հետ, ինչն այդքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սրտով չէր: Նա դիտողություններ արեց, որից հետո «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։
Լրագրողների հարցին, թե ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։
Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել և լուրջ բան չկա։
Նա ասաց, որ դահլիճ լքելը Գևորգ Պետրոսյանի հետ չէր կապված։ Ի դեպ, լրագրողներն ականատես են եղել, թե ինրպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցություն։
Հիշեցնենք, որ նախագծով Գևորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականների և սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը, ինչն ԱԺ-ն չընդգրկեց նիստերի օրակարգում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Զվարթ Խաչատրյան