ՎԵՏՕ-ն միանում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին

«Ես ավելի վաղ այստեղ եկել էի՝ որպես անհատ, լսել էի ուսանողներին, իրենց ասելիքն էի փոխանցել ՎԵՏՕ-ի՝ այսօր տեղի ունեցած խորհրդի նիստին, և խորհրդի նիստում այսօր որոշում կայացվեց ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցերին, ցուցաբերել մասնակցություն՝ ֆիզիկական ներկայությունից մինչև կազմակերպչական աշխատանքների աջակցում»,- Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիմաց այսօր հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:

Մալյանը նշեց, որ պատրաստ են բոլոր հնարավոր եղանակներով աջակցել Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին, որովհետև այն, ինչ նրանք ձեռնարկել են, բխում է բոլորի շահերից և իր մեջ ներառում է նաև ՎԵՏՕ-ի օրակարգից բխող հարցեր:

«Ակցիայի կազմակերպիչների հետ կքննարկենք իրենց հետագա հարցերը, ու անգամ  պատրաստ են հերթապահել իրենց հետ, պատրաստ ենք գիշերել այստեղ, մնալ այստեղ գիշեր-ցերեկ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բանով առավել ենք այն մարդկանցից, ովքեր այս հարցը բարձրացնում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը:

Արայիկ Հարությունյանի թույլ տված սխալներին անդրադառնալիս՝ Մալյանն ասաց, որ ամենամեծ սխալը «Սորոսի» ցանցի մաս լինելն է:

«Դեռ հունիսին ՎԵՏՕ-ն հրապարակել էր, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի, նաև «Սորոսի» կողմից: Արայիկ Հարությունյանը աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից՝ աշխատելով նրա հիմնադրած գրասենյակում: Նրան շրջապատող փոխնախարարը՝ Արևիկ Անափիոսյանը ևս: Այս մարդկանց Աստվածը «Սորոսից» ստացած իրենց գումարներն են»,- ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք փողոց դուրս են եկել ոչ թե իրենց համար, այլ իրենցից  հետո եկող ապագա սերնդի և իրենց երեխաների համար:

«Արայիկ Հարությունյանը՝ որպես նախարար, տապալել է կրթական ոլորտը: Նրան պետք է դուրս շպրտել պետական համակարգից վայրկյան առաջ»,- ԿԳՄՍ նախարարի հրաժարականի մասին խոսելով՝ եզրափակեց Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՀՅԴ ՀԵՄ անդամները շարունակում են նստացույցը Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիմաց: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույցը սկսել էին նոյեմբերի 7-ին, անգամ մեկ գիշեր հերթապահել էին նախարարության շենքի դիմաց:

Այսօր երիտասարդներին միացել է նաև Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը և ուսանողներ՝ ինչպես Երևանի պետական համալսարանից, այնպես էլ՝ Բժշկական և Տնտեսագիտական համալսարաններից:

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ կկարողանան կաթվածահար անել նախարարության աշխատանքը ու հասնել Արայիկ Հարությունյանի հրաժարականին:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս