Բաժիններ՝

«Ավտոկայանատեղիների գինը հնարավոր է բարձրացնել արժանապատիվ հանրային տրանսպորտի դեպքում». Սերգեյ Ղահրամանյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը՝ Հ1-ի եթերում խոսելով տրանսպորտային համակարգի խնդիրների մասին, ասել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ միասին այժմ մշակում են խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգը:

«Խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշրուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, որի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով: Պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մեքենա մի քշեք: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը,- ասել է նա:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ երկու տարուց շուտ այդ ամենը կյանքի կոչել հնարավոր չէ:

«Այստեղ նաև կա վառելիքի, տրանսպորտային միջոցի ընտրության հետ կապված խնդիր. դիզելը վնասակար է, բենզինը թանկ է, իսկ գազն ավելի էժան է: Ընդ որում՝ միջազգային ավտոգիգանտները, որոնք ավտոբուսներ կամ այլ հասարակական տրանսպորտի համար նախատեսված միջոցներ են ներկայացնում, իրենք հիմնականում գազով չեն նախատեսում: Կարելի է միանգամից մեկ քայլ առաջ նայել և էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնց ծախսն անհամեմատ շատ ավելի քիչ է, իսկ ապագայի համար շատ ավելի հեշտ կլինի: Չինաստանը մշտապես պատրաստ է նման հարցերով օժանդակել և, համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ իրենք պատրաստ են ահռելի քանակությամբ տրանսպորտ տրամադրել՝ պայմանով, որ սպասարկումն իրենց մոտ իրականացվի: Կարելի է նման խողովակն օգտագործել և մեկ քայլ առաջ նայել, ոչ թե ասել՝ վառելիքը թանկ է:

Ավելին, եթե լինելու է արժանապատիվ հանրային տրանսպորտ, ապա մարդիկ միանշանակ օգտվելու են, և եթե օգտվեն՝ բնականաբար, կայանման նկատմամբ պահանջը պետք է որ պակասի: Արդյունքում՝ կարելի է և ավտոկայանատեղիների գինը բարձրացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

«Մեզ մոտ վատ տենդենց է, բնակիչները խնդրում են երեխաների համար խաղահրապարակներ չսարքեն, որպեսզի իրենք կարողանան ավտոտնակներ սարքել: Բնականաբար, սա ճիշտ ուղղությունը չէ: Այնուամենայնիվ, մի գեղեցիկ օր՝ չլինի 3 տարուց, կլինի՝ 10, ունենալու ենք հանրային տրանսպորտ, և այսօրվա այն պահանջարկը, որ ունի մասնավոր օգտագործման տրանսպորտը, դա չի լինելու, ահռելի քանակությամբ մեքենաներն ուղղակի չեն շահագործվելու:

Իսկ այսօրվա դրությամբ փողոցներ կան, որ ամբողջությամբ ավտոսրահներ են հիշեցնում: Մեքենաները միշտ կայանած են, վաճառվում կամ վարձույթով են տրամադրվում: Ստացվում է, որ համայնքի գույքն օգտագործում է մեկ հոգի, մեքենաներն ուղղակի կայանած են, սակայն, միևնույն ժամանակ, մեկ այլ վարորդ, ով այդ հատվածում աշխատանքային, գործնական նպատակով կես կամ երկու ժամով պետք է կայանի մեքենան ու տեղաշարժվի այլ վայր, հնարավորություն չունի: Այս ամենի հետևանքով՝ հատկապես մայրաքաղաքի կենտրոնում, կա կայանման խնդիր:

Ընդհանուր առմամբ, երթևեկության տեսանկյունից, համաշխարհային դրական բարեփոխումներ ունեցած երկրներում մոտեցումն այսպիսին է. անձնական մեքենան պետք է ամենավերջին անհրաժեշտության համար լինի, դրա համար իրենք ստեղծում են գնացքներ, ճոպանուղիներ, ջրային փոխադրամիջոցներ, հանրային տրանսպորտ, մետրո, տրամվայներ կամ տրոլեյբուսներ: Օրինակ, մեզ մոտ կարելի է մտածել որոշ տեղերում տրամվայներ գործարկելու ուղղությամբ, որովհետև այն երկրները, որոնք ունեն գոնե ոչ մեզ նման քաոսային երթևեկություն, օգտվում են տրամվայներից: Մեզ մոտ մեկ երթևեկելի գոտիով փողոցն այս պահին օգտագործվում է՝ որպես ավտոկայանատեղի, ոչ թե՝ որպես փոխադրամիջոցների շարժման համար նախատեսվող հատված, սակայն այլ երկրներում երթևեկելի գոտին օգտագործվում է երթևեկության համար, այլ ոչ թե՝ որպես կայանատեղի: Որպես դրա հետևանք՝ կայանատեղիի բարձր արժեքն է: Հայաստանում կարող է ինչ-որ մեկը մեքենան կայանի փողոցի մեջտեղում՝ թքած ունենալով, որ ահռելի մեծ խցանումներ են առաջանալու, և հենց նույն մարդիկ բողոքում են խցանումներից»,- հավելեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930