«Այսօր լիովին չենք կարող ասել, որ Արցախի և ՀՀ-ի էլիտաները նորմալ փոխգործակցում են». Քաղաքագետ

Պարզ է, որ Արցախից նայում են, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, պարզ է, որ Արցախի նախագահի ցանկացած թեկնածու, որը կընտրվի, անհրաժեշտություն է զգալու ՀՀ-ի էլիտայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, ինչը միշտ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի  տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այսպես է եղել ի սկզբանե, որ Արցախի և ՀՀ-ի ղեկավարությունները լինեն այնպիսի անձինք կամ կառույցներ, որպեսզի կարողանան նորմալ փոխգործակցել միմյանց հետ: Այսօր այդպես չէ լիովին, բայց կփորձեն նման իրավիճակ ստեղծել՝ ով էլ որ ընտրվի Արցախի նախագահ: Կհետևենք, կտեսնենք, դեռ մոտ կես տարի կա Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, և այս ժամանակահատվածը բավականին հետաքրքիր է լինելու»,- նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Արցախում սպասվելիք ընտրությունների և դրա ելքի վրա ՀՀ իշխանությունների ազդեցությանը, Իսկանդարյանը շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, չի կարող իր ազդեցությունը չունենալ Արցախում:

«Շատ բան, որ տեղի է ունենում Արցախում, պայմանավորված է նրանով, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում, և՝ հակառակը: Այս առումով, իհարկե, ազդեցություն կլինի, բայց սրանից ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալու, մատնանշելու է  կոնկրետ թեկնածուի, որին ընտրելու են, բնականաբար՝ ոչ: Համենայնդեպս, մինչ այս պահը նման բան տեղի չի ունեցել, և այս ձևով դժվար էլ լինի: Ակնհայտ է՝ Արցախն ինքն է կատարելու իր ընտրությունը, իհարկե, հայացք նետելով ՀՀ-ի ուղղությամբ, որպեսզի, կրկնում եմ՝ Արցախի և ՀՀ-ի էլիտաները կարողանան փոխգործակցել»,- վստահեցրեց քաղաքագետը:

Արդյոք Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը պաշտոնավարման ավարտից հետո մասնակցություն կունենա՞ Արցախի քաղաքական կյանքում այլ պաշտոնում կամ ձևով, ըստ Ա. Իսկանդարյանի՝ դա մեծապես կախված է նրանից, թե հետագայում Արցախի նախագահի թեկնածուներից ով կհաղթի:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս