«Մեր քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է խաղաղությանն ու փոխշահավետ համագործակցության հիմնավորմանը». Լավրով
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանին սպառնացող թուրք-ադրբեջանական համագործակցության վտանգները, ինչպիսի՞ն պետք է լինի ռուս-թուրքական մերձեցման դերակատարությունն այս համատեքստում, Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ իրենք խոսում են մերձեցման մասին, երբ ունեն հարաբերություններ և աշխարհագրությամբ տրված հարևաններ:
«Մենք բոլոր գործընկերների հետ՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Թուրքիայի հետ, բոլորի հետ ենք զարգացնում հարաբերությունները: Ինչ վերաբերում է խնդիրներին, որ գոյություն ունեն, փորձում ենք այնպես անել, որ դրանք հաղթահարվեն, նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ընդունմանը, թեպետ զգուշացնում էինք, որ կասկածներ ունենք, պնդում էինք, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել՝ անկախ ԼՂ հարցից»,- ասաց Լավրովը՝ շարունակելով, որ այդ արձանագրությունների վերաբերյալ ռուսական կողմի կասկածների մասին զգուշացրել են հայկական կողմին, սակայն հայկական կողմը պնդել է, որ՝ «ոչ»:
Նրա որակմամբ՝ կարգավորման համար անհրաժեշտ է երկկողմանի հետաքրքրվածություն: «Մենք չենք տեսնում հիմքեր, որ ինչ-որ մեկը պատերազմ սկսի, և ցանկացած պարագայում մեր քաղաքականությունն ուղղված է խաղաղությանն ու փոխշահավետ համագործակցության հիմնավորմանը»,- ասաց Լավրովը: