«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրինությունը՝ իրական 4 բաժնետերերի մասին
Վերջերս civilnet.am-ը հոդված էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանում ամենախոշոր ձեռնարկության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետերերն ընկերության մասնավորեցումից հետո փոփոխվել են։
Ըստ հրապարակման հեղինակների՝ ԶՊՄԿ-ում խոշոր մասնակցություն ունեցող բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքը 2017թ.-ին իրենց պատկանող բաժնեմասն ամբողջությամբ վաճառել է մի ընկերության, որի սեփականատերերը կապվում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ։ Հրապարակման մեջ նաև ասվում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերից մեկն ընդհանրություն ունեն, և, որ այս անձանց միջոցով ԱԱԾ նախկին տնօրենը բաժնեմաս ունի Պղնձամոլիբդենային կոմբինատում։
Նույն հրապարակման մեջ ասվում էր, որ վերջին տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) հազարավոր տոննաների հասնող ֆերոմոլիբդեն է վաճառել «Ջի Առ Ի Փի Սի Օ» ՓԲԸ-ին, որը կապվում է Մ.Մինասյանի շրջապատի հետ։
ԶՊՄԿ տնօրինությունը լրագրողների կողմից նախօրեին բարձրացված այդ հարցին կարճ պատասխան տվեց՝ կոմբինատի բաժնետերերը բոլորը իրավաբանական անձինք են, որոնք մինչև վերջ աղյուսակում (ստորև ներկայացվող,- Ա.Կ.) ներկայացված են:
Կոմբինատի տնօրինության կողմից ներկայացված աղյուսակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ունի 4 բաժնետեր՝ «Քրոնիմետ Մայնինգ», «Մաքուր Երկաթի գործարան» ՓԲԸ, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ, «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ որպես ընկերություն՝ տարվա վերջից պարտավորություն են զգում բաժնետերերի ցանկը հասանելի դարձնել հանրությանը, որն արել են ժամանակից շուտ:
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությանը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով սահմանված ժամկետից շուտ՝ դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին, հրապարակել է իր բաժնետիրական կառուցվածքը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից։ Այս տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կենտրոնական բանկի և «ԶՊՄԿ» ՓԲԸ կայքերում։ Մենք անցած ամիս տեղաբաշխեցինք պարտատոմսեր, որը մեր առաջին քայլն է՝ ընկերությունը բաց, հասանելի դարձնել ոչ միայն հասարակությանը, այլև ֆինանսական շուկաներին: Մենք նախատեսում ենք առաջիկայում ընկերությունը տանել բաց բաժնետիրական ֆորմատի, սկզբում՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում, հայկական ֆինանսական շուկայում և համաշխարհային շուկաներում»,- նշեց Պոլոսկովը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, շարունակելով գործընկերոջը՝ մանրամասնեց. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերը չորսն են, և նրանք բոլորն իրավաբանական անձինք են։ Դրանցից ամենամեծը «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է, որը կոմբինատում մասնակցություն ունի 75 տոկոսով: Բարձրացված հարցը վերաբերում է ոչ թե կոմբինատի բաժնետերերին, այլ՝ բաժնետերերի բաժնետերերին և դրանցից վերև՝ չորրորդ, հինգերորդ մակարդակի փոփոխությանը: Եվ, ինչպես նշեց գլխավոր տնօրենը՝ կոմբինատը ոչ միայն դրա վրա ազդեցություն չունի, այլև․․․ եկեք գանք այն գիտակցումից, որ «Զանգեզուրի կոմբինատը» մասնավոր ընկերություն է, ինչպես մյուսները։ Սկսած 2004 թվականից, երբ Հայաստանի կառավարությունը մասնավորեցրել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է ազատ նավարկության՝ կարգավորելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ։ Մնացածը, թե ով ում հետ է փոխկապակցված, ով ում հարևանն է, դա կոմբինատի մենեջմենթին չի վերաբերում, և դա կառավարման տիրույթից դուրս է»։
Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին՝ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ նա չկա ցուցակում, խորհրդի անդամ է, բայց ցանկն ուշադիր նայելու դեպքում հնարավոր է տեսնել Կարեն Հակոբյանի անունը, ով նրա հարազատ եղբայրն է և «Մաքուր երկաթի գործարանի» գլխավոր տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Կարապետյան



