Համակարգային մոտեցում հայագիտական առարկաների ուսուցմանը. «Սասնա Ծռերի» հորդորը՝ ՀՀ իշխանություններին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ:
Ցավոք սրտի, գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ:
Որպես արդյունք՝ նման մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի:
Դիտարկվող հարցում այդպիսի մոտեցումը հանրության շրջանում առաջ է բերել տեղին անհանգստություններ, իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ի վնաս հայերենի փոփոխելու միջոցով օտարալեզու դպրոցներ բացած նախորդ ազգադավ ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել շահարկումների միջոցով երևույթը ծառայեցնելու իր ռևանշիստական նպատակներին:
Վերը նշվածը հաշվի առնելով, գործող իշխանությանը հորդորում ենք.
1. այս և մյուս հարցերում որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս,
2. զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից և բարձրագույն դպրոցում հայոց լեզվի և նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի և որակի ապահովման արդյունքով,
3. ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի և, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր»: