«Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները օրենքի շրջանակներում են». Արայիկ Հարությունյան
Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունն այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ։
«Բոլորի հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Պատրաստ եմ բոլորի հետ անկախ ընտրությունների արդյունքներից՝ համագործակցել: Իհարկե, սկզբունքայնության խնդիր չկա և մեր հիմնական առանցքը պետք է լինի Արցախը: Այդ համագործակցությունը միայն կոալիցիայով, խորհրդարանում կամ կառավարությունում պայմանավորվածություններով չպետք է լինի, այլ համատեղ աշխատելու, ընդհուպ մինչև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ: Բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի հետ, Արայիկ Հարությունյանը ասաց. «Եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ապա արդեն նա ինձ համար բարեկամ է: Քաղաքական առումներով մենք ունենք տարբեր ճանապարհներ, ավելի ճիշտ՝ նպատակը նույն է, բայց որևէ մեկի հետ խնդիր չունեմ»:
Իսկ թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս տված ճեպազրույցի նկատմամբ, որտեղ նա չի բացառում առաջիկայում իր հնարավոր ձերբակալությունը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Նորից նշեմ, որ որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ձերբակալություններին, ապա ես վստահ եմ, որ թե՛ այժմ, թե՛ սրանից առաջ Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կամ իրավական գործընթացները տեղի են ունեցել օրենքի լիիրավ շրջանակներում»:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշելով սակայն, որ այդ հանդիպումից փակագծեր բացել չի կարող, քանի որ դրանք հանրայնացնելու իրավունք չունի
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս տեղի ունեցած երևանյան հանդիպման ժամանակ քննարկել ենք ԼՂ համակամարտության կարգավորման և բանակցային գործընթացներին վերաբերող այլ հարցեր: Շատ նորություններ ենք ունեցել բանակցային գործընթացից, բայց ամենաշատը մեզ մտահոգողը բանակն է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Լրագրողների այն հարցին, թե համագումարի ժամանակ հայտարարված «դավադիր ուժերի» մասին հայտարարություն անելիս Հարությունյանն ո՞ւմ ի նկատի ուներ, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ նաև կատարվող քայլերը, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Դավադիր ուժերի մասով կարող եմ ասել միայն, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:
Մեկ այլ հարցի, թե արդյոք չի կարող լինել այլ կարծիք, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, թե խնդիրն այլակարծության հետ դա կապված չէ:
«Երբ ասում են, թե իշխանությունները ծախսում են, հողեր են հանձնում, ապակողմնորոշում է, իսկ այլակարծությունը ողջունելի է: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կարող են ասել, թե մենք կողմնակից ենք այս սկզբունքին, այս քաղաքական կուրսին, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որը չի կարելի, կարելի է անվանել դավադրություն, իսկ այլակարծությունը ողջունելի է»,- եզրափակեց նա: