Բաժիններ՝

Բակո Սահակյանը Բրյուսելում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կազմակերպած գալա-միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարևորել այսպիսի միջոցառումների անցկացումը և նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային և միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:

Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:

«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ և լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարևոր հոսանքն ընթանում է մեր և հարակից շրջաններում:

Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության և ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Արցախի նախագահը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետևողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի և նրա բարեկամների միջև:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս