Գարեգին Բ-ն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին. անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին
Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքն է բերել պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրել է, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան:
Խոսելով Քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ ներկա ժամանակահատվածում եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն միասնական ջանքերով և գործնական քայլերով: Այս առումով, Նորին Սրբությունը բարձր է գնահատել Մայր Աթոռի և Սուրբ Աթոռի միջև ամուր հոգևոր և մշակութային կապերի առկայությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցությունն առավել արդյունավոր դարձնելու տեսանկյունից:
Իր հերթին, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ևս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` նշելով, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վատիկանի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ուղղությամբ։ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ջերմ ողջույնները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քրիստոնեական արժեքների և պատմամշակութային ժառանգության պահմանման ու այլ խնդիրներին: Կողմերը կարևորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միասնական ներդրումն աշխարհում խաղաղության պահպանման գործում:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցին, նրա սպասավորներին և հավատացյալներին:
Հանդիպմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը: