Ինչ հարցեր կքննարկի Լավրովը Երևանում
«Ընդհանուր առմամբ ակնկալում եմ նորմալ այց»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ կատարելիք պաշտոնական այցի օրակարգին։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 10-11-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Երևանում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ:
«Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կգտնվի Երևանում»,- ասել էր Զախարովան՝ հավելելով, որ Ս. Լավրովը նաև ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ»:
Այցի շեմին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին:
«Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների և համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, այդպիսի ծավալի և բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, սակայն, նրա կարծիքով, այն է, որ իրենք հայ ընկերների հետ միասնական են դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ:
«Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձևավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն»,- նշել է Լավրովը։
Խոսելով ԼՂ հակամարտության գոտում զարգացումներից, ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ողջունում են հարաբերական կայունության պահպանումը սահմանին և շփման գծում:
«Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ՝ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,- նշել է նա։
Հիշեցնենք նաև, որ գրեթե մեկ ամիս առաջ ռուսական դիսկուսիոն «Վալդայ» ակումբում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ քննադատության ենթարկեց հայկական կողմին «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության համար՝ այն, ըստ էության, որակելով՝ որպես ապակառուցողական։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական զարգացումներից հետո սա ՌԴ ԱԳ նախարարի երկրորդ քննադատական հայտարարությունն էր ՀՀ քաղաքականության մասին։
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ վերջին հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ է բնորոշել ՀՀ-ՌԴ հարաբերությունները․ արդեն երկար ժամանակ է, թե՛ ռուսական քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակները պնդում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն խորը պատմաքաղաքական հիմքեր, և ներկայիս քաղաքական տարընթերցումները չեն կարող ավելի ազդեցիկ լինել, քան մեր հարաբերությունները։
«Այդ հակասությունները մշտապես եղել են, քանի որ, բացի համատեղ շահերից, յուրաքանչյուր երկիր ունի իր շահը։ Այո, այս ընթացքում եղել են տարաձայնություններ՝ կապված ՀՀ ներքաղաքական գործընթացների հետ, քանի որ Մոսկվան այլ տեսակետներ ունի նույն այդ գործընթացների վերաբերյալ, դրանով էլ պայմանավորված են եղել հիմնական տարաձայնությունները։ Բայց կարծում եմ՝ կողմերը դրանք վատ չեն հաղթահարում, փորձում են պահպանել ռազմավարական հարաբերություններին հարիր մակարդակը, զուգահեռաբար՝ Մոսկվան հետևում է այն ամենին, ինչ կատարվում է և՛ Երևանում, և՛ այն քաղաքականությանը, որը վարում է Երևանը մի շարք առանցքային ուղղություններով»,- ասաց Սկակովը։
Նա նշեց, որ Ս. Լավրովի այցից պետք է սպասել քննարկումներ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ նման պաշտոնական այցեր շատ հաճախ չեն եղել, թեև հանդիպումները եղել են բավականին ակտիվ։
«Պետք է ֆիքսել, որ պաշտոնական այցերը նաև հաստատում են հարաբերությունների բնույթը։ Առաջացող հարցերն անընդհատ կերպով քննարկվում են, իսկ պաշտոնական այցերը, բացի այս հարցերի քննարկումից, հաստատում են ռազմավարական հարաբերությունների առկայության փաստը։ Բնականաբար, հարաբերությունների կենտրոնում քաղաքական հարաբերություններն են, Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցություն և այլն։ Կարծում եմ՝ կողմերի համար խնդրահարույց թվացող թեմաները ևս կքննարկվեն, բայց կրկնեմ, որ մեր հարաբերություններում չափազանց լուրջ խնդիրներ չեմ տեսնում, քանի որ այս հարաբերություններն անհրաժեշտ են բոլոր կողմերին։ Ընդհանուր առմամբ՝ նորմալ այց եմ ակնկալում»,- ասաց նա։