«Ռուսաստանը պետբյուջեից 1,9 միլիարդ ռուբլի է տրամադրել Լարսում ճանապարհները լայնացնելու համար». Պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարղարշակ Հակոբյանն օրերս այցել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
«Մեր հանրության շրջանում բավականին մեծ դժոգություններ կան Լարսում տեղի ունեցող խցանումների հետ կապված, լինում է ժամանակ, որ այնտեղ մետրերով խցանումներ են առաջանում։ Ուստի, այդ խնդիրներին ծանոթանալու և եղած խոչընդոտները վերացնելու նպատակով, եղանք Լարսում և շրջայց կատարեցինք անցակետում»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղարշակ Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ այցի ընթացքում Վլադիկավկազում ռուս գործընկերների, մաքսակետի ներկայացուցիչների և պատգամավորների հետ քննարկել են Լարսում առաջացող խնդրի լուծման տարբեր ուղղություններ։
«Մեր ռուս գործընկերները մեզ տեղեկացրեցին, որ Ռուսաստանի պետբյուջեից հատկացվել է շուրջ 1,9 միլիարդ ռուբլի՝ այդ տարածքում վերականգնողական և ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու համար, ինչը որոշակիորեն մեղմելու է այն խնդիրը, որն առկա է։ Ցանկանում եմ ընդգծել, որ, եթե նույնիսկ Ռուսաստանի կողմից մեքենաների թողունակությունն ավելի մեծանա, մենք այսպես թե այնպես խնդիր ենք ունենալու նաև վրացական կողմի հետ։ Ռուսաստանը պատրաստակամ է ամեն գնով լուծել մեզ համար Լարսում եղած առկա դժվարությունները, և այս կոնտեքստում բարձր եմ գնահատում ռուս գործընկերների արձագանքը, որոնք խորհրդակցում էին մեզ հետ, թե ինչ ուղիներով կարելի է այդ խնդիրը մեղմել»,- հավելեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ-ի կողմից ճանապարհների լայնացման քարտեզը դեռ քննարկման փուլում է, սակայն ռուս գործընկերները վստահեցրել են, որ ամենասեղմ ժամկետներում կիրականացվեն թիրախային աշխատանքները։
Պատգամավորը նաև նշեց, որ հնարավոր է՝ ճանապարհների լայնացման աշխատանքների ընթացքում խցանումներն ավելի շատանան, ուստի անհրաժեշտություն կլինի փնտրել այլընտանքային ճանապարհներ, որն էլ այս պահին քննարկվում է։
«Քննարկում ենք մի քանի ուղղություն, և այստեղ պետք է ընտրվի առավել արդյունավետը, մասնավորապես՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում պարզ կդառնա, թե ինչ է տեղի ունենալու, որոշակիորեն պետք է ակտիվացվի ծովային ճանապարհը»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան