Օբամեյանգի համար պայքարում է ևս մեկ գրանդ
«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում:
30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է El Chiringuito-ն:
Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հունվարին՝ 64 միլիոն եվրոյի դիմաց:
Օբամեյանգով վերջին տարիներին հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանչեսթերյան ակումբն արդեն մի քանի տարի հետևում էր «Արսենալի» հարձակվողին, սակայն խաղացողի որակները չեն համոզել ակումբին գործարքը կատարելու անհրաժեշտության մեջ, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի լրագրող Դավիդ Օրնշտեյնը, վկայակոչելով իր գործընկեր Ռաֆայել Հոնիգշտեյնին, ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առավել ուշադիր հետևում էր Օբամեյանգին 2016 և 2017 թվականներին, երբ հարձակվողը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 91 խաղում խփեց 73 գոլ:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համոզված չէր Օբամեյանգին գնելու անհրաժեշտության մեջ: Նրանք փոշմանել են՝ հաշվի առնելով նրա համար առաջարկվող գինը («Բորուսիան» ցանկանում էր ստանալ հարձակվողի համար մոտ 70 միլիոն ֆունտ), տարիքը (նա 2019 թվականին դարձավ 30 տարեկան) և Օբամեյանգի՝ թիմի խաղին հարմարվելու հնարավորությունները:
Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ» 56 միլիոն ֆունտով: 2018 թվականի հունվարին «Արսենալին» միանալուց հետո նա բոլոր մրցաշարերում ակումբի համար անցկացրած 77 խաղում 49 գոլ է խփել:
Այս մրցաշրջանում գաբոնցին Պրեմիեր լիգայի 11 հանդիպումներում խփել է 8 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան